Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոյը, քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ՝ հինգշաբթի օրը Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ:

«Մենք տագնապով նշեցինք, որ շփման գծում և Հայաստան – Ադրբեջան սահմանին միջադեպերի թիվն աճում է: Մենք նաև նախարարի հետ քննարկեցինք առաջարկվող միջոցառումները, որոնք կարող են նվազեցնել նման միջադեպերի հավանականությունը: Մասնավորապես, հրամայական է, որպեսզի կողմերը քայլեր ձեռնարկեն՝ կանխելու այնպիսի միջադեպերի կրկնությունը, ինչպիսին էր նոյեմբերի 12-ին ուղղաթիռի անկումը», - մասնավորապես, ասված է հայտարարությունում:

«Կողմերի միջև բռնություններն ու լարվածությունն ընդգծում են հնարավորինս շուտ համակողմանի բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ հարատև կարգավորման հասնելու համար: Մենք կոչ ենք արել նախարարին ճկունություն ցուցաբերել, երբ նման բանակցությունները կմեկնարկեն», - նշել են համանախագահները:

Միջնորդները բարձրացրել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած համաձայնագրի կենսագործման կարևորությունը:

«Տեղեկատվության նմանօրինակ փոխանակումը կարող է ամրապնդել վստահությունը կողմերի միջև և հեշտացնել հաշտեցման գործընթացը», - ասված է հաղորդագրություններում, - «Բացի այդ, մենք կոչ ենք արել վերսկսել նախագահների միջև երկխոսությունը առաջին իսկ հնարավորության դեպքում»:

Համանախագահները նաև տեղեկացրել են, որ փետրվարի վերջին պատրաստվում են այցելել տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG