Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց համանախագահներին


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Հայաստանի ԱԳ նախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների և դիվերսիաների բազմապատկման վրա:

Հինգշաբթի օրը աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3 հազար անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։

«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը», - ընդգծել է Նալբանդյանը։

Նա վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG