Մատչելիության հղումներ

Կոնգրեսը դատապարտում է խաղաղ ավտոերթի մասնակիցների դեմ բռնարարքը


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով «խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնարարքը»։

Հունվարի 31-ին Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել էին «Հիմնադիր խորհրդարան»-ի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները:

«Խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր քաղաքացիների հետ բռնության լեզվով խոսելու դատապարտելի այս դեպքը հերթականն է՝ անցյալ տարեվերջին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրիկ Սարգսյանի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ կիրառված բռնությունների շարքում։ Այս շղթան ցույց է տալիս, որ բոլոր բնագավառներում խայտառակ ձախողումներ կրող վարչախումբն իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանը ահաբեկելու ցնորական գաղափարի մեջ։ Ցավալի է, որ Բերձորում տեղի ունեցած բռնություններն իրականացվել են ԼՂՀ ոստիկանության կողմից», - ասված է Կոնգրեսի հայտարարությունում:

«Այդ փաստը, ամեն ինչից զատ, նաև միջազգային ասպարեզում խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԼՂՀ ժողովրդավարական վարկանիշի վրա», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG