Մատչելիության հղումներ

Խոցված ուղղաթիռի երիտասարդ օդաչուն Ղարաբաղ էր մեկնել մոր հորդորներին հակառակ


Խոցված ուղղաթիռի ամենաերիտասարդ անդամը մոր հորդորներին հակառակ էր մեկնել Ղարաբաղ
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Մորը տված պատասխանը կարճ էր և հստակ՝ ո՞վ, եթե ոչ ես:

Նոյեմբերի12-ի նախօրեին լեյտենանտ Ազատ Սահակյանի մայրը հորդորում էր որդուն չգնալ Ղարաբաղ՝ հիշեցնում, որ հիվանդ է, համոզում էր, որ այս անգամ մեկ ուրիշը գնա նրա փոխարեն: Երիտասարդ օդաչուն, սակայն, վրդովված էր օգոստոսյան դեպքերից: Մորը տված պատասխանը կարճ էր և հստակ՝ ո՞վ, եթե ոչ ես:

«Ինքը հպարտանում էր համազգեստով, իր՝ օդաչու դառնալով, փոքրերին էլ էր սովորեցնում: Կանչում էր, համազգեստն էր հագցնում, գլխարկն էր դնում, ասում էր՝ տղա եք, պետք է դառնաք հայրենիքի պաշտպան», - ասաց մայրը՝ Յուղիկ Հակոբյանը:

22-ամյա լեյտենանտը անցած աշնանը Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի ամենաերիտասարդ անդամն էր: Ծնողները հիշում են, որ Ազատը մանկուց էր երազում օդաչու դառնալ: Մայրը պատմում է, որ զինվորականի գլխարկ էր գտել և գլխից չէր հանում:

«3-րդ դասարանում ուսուցչուհին շարադրություն էր տվել՝ «Ձեր երազանքը» թեմայով, վերցրի տետրը կարդացի, գրել էր, որ իր առաջին երազանքն է օդաչու դառնալը և կապույտ երկնքում ճախրելը», - պատմեց Յուղիկ Հակոբյանը:

Ազատի սպայական կոչում ստանալուց հետո հունվարի 28-ը՝ բանակի կազմավորման օրը, որպես տոն է նշվում Սահակյանների ընտանիքում:

Զինվորականի և հատկապես օդաչուի մասնագիտությունն ընտրելը նրա որոշումն էր: Զուսպ, պահանջկոտ և իր տարիքից առավել հասուն, Ազատին բնութագրում են ուսուցիչները, ազգականները և ուղղաթիռային էսկադրիլիայի շտաբի պետը, ով արդեն գործի մեջ էր տեսել երիտասարդին:

«Կուզենամ, որ բոլոր սպաները, բոլոր սերունդները սրանից հետո եկող նմանվեն Ազատին», - ասաց ուղղաթիռային էսկադրիլիայի շտաբի պետ Արմեն Ապիկյանը:

Իր աշխատանքի մասին տանը չէր խոսում, հարազատներն ավելի շատ ստիպված էին լսել հայրենասիրական երգերը, որոնք սիրում էր երիտասարդ օդաչուն: Դիտել էր Մոնթեի բոլոր տեսահոլովակները և կարդում էր հայազգի հերոսների կենսագրությունները, հիշում են ծնողները:

Ազատի սենյակում ծնողները մեծ փոփոխությունները չեն արել, համակարգիչը, իր թռիչքների նկարահանումները, պատվոգրերը, կարատեի սև գոտին ու մրցումներից ստացած մեդալները այսօր էլ տեղում են: Դրանց ավելացել են հպարտությունը և ևս երկու մեդալ, որոնք ամեն անգամ մայրը դժվարությամբ է ձեռքը վերցնում:

«Ես ուզում եմ կոչ անել Պաշտպանության նախարարությանը ոչ թե հերոսներ դառնան հետմահու, այլ հերոսներ դառնան կենդանի կյանքում: Որ զինվորը մի սխրագործություն է կատարում, պետք է գնահատեն կենդանի ժամանակ, նրան ոգեշնչեն այդ ժամանակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց լեյտենանտի մայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG