Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական զինուժը Ղարաբաղի ռազմական ուղղաթիռ է խոցել


Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ, հաղորդում է Ղարաբաղի ՊՆ-ն:

Այսօր ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Հնարավոր զոհերի մասին հարցին Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» միայն փոխանցեց, թե «այս պահին չի կարող մանրամասներ հաղորդել, ընթանում է հետաքննություն, որի ավարտից հետո միայն հանդես կգան լրացուցիչ տեղեկությամբ»:

Հասրաթյանը չպատասխանեց նաև այն հարցին, թե խփված ուղղաթիռը շփման գծի ո՞ր կողմում է ընկել՝ հորդորելով սպասել հետաքննության ավարտին:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հայկական ուղղաթիռը խփվել է պատասխան կրակով, երբ գրոհում էր ադրբեջանական բանակի դիրքերը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ հայկական Զինված ուժերի կողմից անցկացվող վերջին զորավարժությունների ժամանակ «թշնամու ռազմական օդուժը երեք օր է՝ սադրիչ թռիչքներ է իրականացնում ճակատամերձ գոտում», իսկ այսօր փորձել է գնդակոծել ադրբեջանական դիրքերը:

Ըստ ադրբեջանական կողմի՝ Մի-24-ը մարտական թռիչք է իրականացրել Աղդամի շրջանի Կենգերլի գյուղից 1700 մետր հյուսիս-արևելք, գրոհել ադրբեջանական դիրքերը, որտեղից բացված կրակն այն խոցել է: Ուղղաթիռի բեկորները վայր են ընկել առաջնագծից 500 մետր հեռավորության վրա:

Երեք զոհ

Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ հայկական կողմից կա երեք զոհ:

Բաբայանը հավելեց, որ հակառակորդը հարվածել է ուղղաթիռի հետնամասին՝ շեշտելով, որ ուղղաթիռը ոչ մի մարտական գործողություն չէր իրականացնում:

«Այդ ուղղաթիռը խոցվել է, ընկել է չեզոք տարածքում, և ևս մեկ անգամ այդ միջադեպը ցույց է տալիս Ադրբեջանի իրական պատկերը, թե ինչպիսի պետության հետ մենք գործ ունենք: Դա ուսումնավարժական թռիչք էր, այն որևէ ձևով զինված չէր որևէ ռազմամթերքով, այսինքն՝ որևէ վտանգ չէր ներկայացնում, նույնիսկ թշնամու համար», - ասաց Բաբայանը՝ հավելելով, որ խորապես ցավում են անձնակազմի կորստի համար և այն ողբերգություն որակում:

«Հետևանքները ցավոտ կլինեն»

«Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,- անդրադառնալով միջադեպին՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաև իրավիճակի լարման»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով․ - «Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենց պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան»:

ՊՆ մամուլի քարտուղարը հավելում է, որ ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը:

Քիչ առաջ նա «Ազատությանը» փոխանցեց, որ ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տվյալների՝ խփված ուղղաթիռի անձնակազմի մյուս երկու անդամներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։

Հիշեցնենք, նոյեմբերի 6-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը անցկացնում են «Միասնություն 2014» անվամբ լայնածավալ զորավարժություններ, և

«Ազատության» հետ զրույցում պաշտոնաթող գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց․ - «Պատահական չէ տեղի ունեցածը․ հայկական կողմի զորավարժությունները մեկնարկել էին, նրանք հետևում էին, նրանց հարկավոր էր ինչ-որ մի ակցիա իրականացնել, նրանք դա արեցին»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG