Մատչելիության հղումներ

logo-print

«Անհեթեթ է» Գյումրիի սպանդի քննությունը ռուսական կողմին հանձնելը


Ռուս գործընկերների հետ մի քանի ժամ շարունակված քննարկումներից հետո Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության քննությունը կիրականցնի ռուսական կողմը՝ փաստարկելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն չի կարող հանձնվել այլ պետության։

Իրավաբանները Հայաստանի դատախազության այս հաղորդագրությունը անհեթեթ են որակում՝ հղում անելով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ կողմերի միջև կնքված պայմանագրին, որի 4-րդ հոդվածը հստակ ամրագրում է՝ Հայաստանի տարածքում հանցանք կատարած, ռուսական բազայում ծառայող անձանց նկատմամբ կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը։

«Սա պետք է Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվեր և Հայաստանի մարմինների իրավասության ներքո գտնվեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավագետ Արմեն Մազմանյանը: Հարցին, թե արդյոք իր ասածը վերաբերում է և՛ նախաքննությանը, և՛ դատավարությանը, նա արձագանքեց․ - «Համենայնդեպս, համաձայնագիրը նման տարբերություն չի դնում: Հասկանալի չէ, թե ինչու կա՛մ մեկը, կա՛մ մյուսը կարող է կատարվել Հայաստանի իրավասությունից դուրս»:

Արմեն Մազմանյանը հարց է ուղղում Հայաստանի դատախազությանը՝ ինչո՞ւ ի սկզբանե գործը հայտնվեց Ռուսաստանի իրավազորության ներքո․ - «Կուզեի տեսնել դատախազության մեկնաբանությունները, որովհետև համաձայնագրի լույսում այս հայտարարությունը ինձ համար առայժմ անհասկանալի է»:

ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ գնահատական տալ դատախազության հաղորդագրությանը, այդուհանդերձ ասաց՝ հայ-ռուսական համաձայնագրում «ամեն ինչ սևով սպիտակի վրա գրված է». - «Ռազմական բազայի տարածքում կատարված հանցագործությունները ենթական են ռուսական զինվորական իրավապահ մարմինների քննությանը: Բազայի տարածքից դուրս կատարված հանցագործությունները արդեն մեր զինվորական իրավապահ մարմինների քննչական ենթակայության առարկա են: Սպանության հանգամանքները, փաստը, որակումը, քննությունը, պետք է բոլորը կատարեն մեր զինվորական իրավապահ մարմինները»:

Փաստաբան Վահագն Դալլաքյանն անակնկալի է եկել դատախազության հաղորդագրությունից: Նա անհեթեր է որակում հատկապես հիմնավորումը, թե Ռուսաստանի սահմանադրությունն է արգելում հայկական կողմին հանձնել Հայաստանի վեց քաղաքացու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականին․ - «Դատախազությունն ասում է՝ մենք իրավունք ունեինք քննություն անելու, բայց քանի որ Ռուսաստանի սահմանադրությունն ասում է, որ Ռուսաստանը չի կարող հանձնել իր քաղաքացիներին, հետևաբար մենք չենք կարող այդ քննությունը անել: Սա իրավական առումով, իմ կարծիքով, նոնսենս է, որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը ունի ինչ-որ իրավունք, որը սահմանված է միջազգային պայմանագրով, այդ իրավունքը չի կարող դադարեցվել որևէ օտարերկրյա պետության ինչ-որ ներպետական ակտով, թեկուզ դա լինի Սահմանադրությունը»:

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դատախազության հաղորդագրությունը առանձնապես չի զարմացնում: Իրավական փաստարկների տակ Փոտանջյանը քաղաքական հայտարարություն է տեսնում․ - «Այստեղ ես տեսնում եմ լուրջ քաղաքական նպատակ, որը միտված չէ արդար և թափանցիկ քննություն անցկացնելուն: Եվ այստեղ, ես կարծում եմ, որ խնդիր կա կոծկելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել, այս ողբերգության հետևում ինչ է իրականում թաքնված»:

Փաստաբան Փոստանջյանը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն, պետությունը պարտավոր է կատարել պատշաճ քննություն իր քաղաքացու նկատմամբ կատարված հանցագործության դեպքում։

«Օտարերկրյա զինված ուժերի ներկայացուցիչը ծանր հանցագործություն է կատարել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, սակայն պետությունը չի կատարում միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունը», - եզրակացնում է Փոստանջյանը։

XS
SM
MD
LG