Մատչելիության հղումներ

Կոլերով. «Մոսկվան անսպասելիորեն արագ ու ճիշտ արձագանքեց Գյումրիի ողբերգությանը»


«Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերով, արխիվ

«Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերով, արխիվ

Ռուսաստանցի վերլուծաբանը հույս է հայտնում, որ կատարվածը սկիզբ կդառնա լուրջ քննարկումների, թե ինչպես կազմակերպել քաղաքացիական կյանքը 102-րդ ռազմաբազայի շուրջ։

Պաշտոնական Մոսկվան անսպասելիորեն արագ, ճիշտ արձագանքեց Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությանը ու ադեկվատ գնահատեց այն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:

Միաժամանակ, նա նշեց, որ առաջին ժամերին փոքր-ինչ պակասում էր տեղեկատվությունը կատարվածի մասին։

«Հայկական որոշ լրատվամիջոցների մոտ այնպիսի տպավորություն էր, որ ռուսական բազայի ներկայացուցիչները չեն ուզում ամբողջ տեղեկատվությունը տրամադրել զինծառայողի մասին, մասնավորապես՝ որ նա ինքնակամ թողել է բազան։ Հուսով եմ, որ կատարվածը սկիզբ կդառնա լուրջ ու առողջ քննարկումների, թե ինչպես Գյումրիում կազմակերպել քաղաքացիական կյանքը ռազմաբազայի շուրջ, հատկապես, հաշվի առնելով, թե գյումրեցիների համար ինչ նշանակություն ունի այդ բազան», - ասաց Կոլերովը։

Նա ընդգծեց, որ հաշվի առնելով տեղի ունեցածը՝ քաղաքական գործիչներն ու հասարակությունն այսօր պետք է քննարկեն քայլերը նման հանցագործությունների բացառման ուղղությամբ։

«Ցանկացած վայրում, որտեղ տեղակայված են արտասահմանյան ռազմական բազաներ, քրեական հանցագործությունների վտանգը բավականին մեծ է։ Կարող ենք հիշել, օրինակ, Ճապոնիան՝ Օկինավա կղզին, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմական բազան», - ասաց ռուսաստանցի վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ հանցագործության վերաբերյալ հրապարակված մանրամասները դեռ շատ չեն, ինքն էլ մասնագետ չէ և չի կարող ասել, թե ինչ թերացումների հետևանքով է հնարավոր դարձել նման ողբերգությունը: Սակայն, նշեց Կոլերովը, «տեխնիկապես ռազմական բազան հնացած է, մասնավորապես՝ պարիսպը և դարպասը ջարդված են, մինչև վերջերս այդպես էր»։

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը երեկ անդրադարձան նաև ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ՝ այդ թվում «Էխո Մոսկվի»-ն, «Ինտերֆաքս»-ը, սակայն դեպքին չանդրադարձան ռուսական դաշնային հեռուստաընկերությունները։

Հիշեցնենք՝ Գյումրիում երեկ սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամները: Հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով երեկ մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Անցած գիշեր հայտնի դարձավ, որ ռուս սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Պերմյակովին:

XS
SM
MD
LG