Մատչելիության հղումներ

logo-print

Ուորլիք․ «Ձգտում ենք վերականգնել նախկին ձեռքբերումներն ու հասնել խաղաղության»


Էդվարդ Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը, Բազել, 4-ը դեկտեմբերի, 2014թ․

Էդվարդ Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը, Բազել, 4-ը դեկտեմբերի, 2014թ․

Ըստ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ անցած մեկ տարվա ընթացքում բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել:

Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները վերականգնելու, առաջ մղելու հնարավորությունները, առաջիկա քայլերը:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ մինչև Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ անցած մեկ տարվա ընթացքում բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել:

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները երեք անգամ հանդիպում են ունեցել, ջանքեր են գործադրվել երկխոսությունը պահպանելու համար, բայց միաժամանակ նաև հետընթաց է տեղի ունեցել: Մենք բոլորս գիտենք հուլիսի վերջի - օգոստոսի սկզբի իրադարձությունների մասին: Հրադադարի խախտումներ և զոհեր եղան, վերջերս ռազմական ուղղաթիռ խփվեց», - նշել է նա՝ ընդգծելով, որ դա ողբերգություն է երկու կողմի համար: «Ձգտում ենք վերականգնել նախկին ձեռքբերումներն ու գործընթացի վերջում հասնել երկարատև խաղաղության», - ասել է Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը:

Ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ «ներկայիս պահին շատ կարևոր է կողմերին բերել երկխոսության և զարգացնել երկխոսությունը»: Ուորլիքը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահների հանդիպումները կշարունակվեն:

Ադրբեջանի արտգործնախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, համանախագահների հետ առանձին հանդիպմանը երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը մեկ անգամ ևս ներկայացրել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ նշելով, թե Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջին հերթին հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Իսկ ԵԱՀԿ-ի նիստում Մամեդյարովն ասել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը հիմնական գործոնն է, որ կարող է հանգեցնել իրավիճակի շիկացման»:

Նախօրեին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական ռազմական ուղղաթիռը խփելու հետևանքով շփման գծում ստեղծված իրավիճակի վրա:

Երեկ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հակամարտ կողմերին զսպվածության կոչից բացի՝ նրանց հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ - «Համանախագահ երկրների հովանու ներքո համապարփակ խաղաղ համաձայնության շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ»:

Նույն օրը ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ մասնավորապես շեշտելով, որ Ադրբեջանը սադրանքներ է կազմակերպում` խիստ ավելացնելով լարվածությունը:

XS
SM
MD
LG