Մատչելիության հղումներ

Դավիթ Սաֆարյանը ցանկանում է մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին


Ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյան

Ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյան

«Միշտ պետք է ձգտել հաղթանակի, իսկ թե որտեղ ես դա անում՝ տարբերություն չկա», - շեշտում է հայ ըմբշամարտիկը:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի կարծիքով՝ լավ կլիներ, եթե Հայաստանի հավաքականը մասնակցեր հաջորդ տարի Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին: «Հատկապես այն պարագայում, երբ այս խաղերը լավ ստուգատես են ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզիկը:

Օլիմպիական վարկանիշների խաղարկությունն ըմբիշների համար կսկսվի Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ը կայանալիք աշխարհի առաջնությունից, սակայն չնայած դրան՝ Դավիթը մեծ ցանկություն ունի մասնակցելու Բաքու-2015-ին:

Կրասնոդարում ծնված հայ ըմբիշը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2011 թվականից: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում նա 65 կիլոգրամ քաշային կարգի լավագույն հորիզոնականներն է զբաղեցնում: Դեռևս Ադրբեջանում ոչ մի մրցաշարի չի մասնակցել:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) ներկայացուցիչներ Հրաչյա Ռոստոմյանի և Վաղինակ Գալստյանի այցը Ադրբեջանի մայրաքաղաք՝ Եվրոպական օլիմպիական կոմիտեի նստաշրջանին մասնակցելու նպատակով, համընկավ հայ - ադրբեջանական լարվածության հերթական ահագնացմանը՝ կապված նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցման և դրան հաջորդած իրադարձությունների հետ:

Այս համատեքստում, մինչ ՀԱՕԿ-ի վերջնական որոշումը, հայկական մարզական շրջանակներում երկու կարծիք կա՝ բոյկոտել Բաքու-2015-ը կամ Հայաստանի դրոշը բարձրացնել Բաքվում: Այս առիթով Սաֆարյանն ասաց․ - «Չեմ սիրում, երբ սպորտը և քաղաքականությունը խառնում են: Եթե այս խաղերի մասնակցությունը քննարկվում է բարձր հարթակներում, հուսով եմ, որ անվտանգ կլինի: Միշտ պետք է ձգտել հաղթանակի, իսկ թե որտեղ ես դա անում՝ տարբերություն չկա»:

Հարցին՝ արդյոք ըմբիշին չի՞ անհանգստացնում այն, որ Ադրբեջանում և Թուրքիայում մրցումները հիմնականում ուղեկցվում են մրցավարական անարդար և կողմնակալ գործողություններով, Դավիթը պատասխանեց, որ դա իրեն վերջինն է հուզում․ - «Ինձ համար կարևորը լավ գոտեմարտ ցույց տալը և մարզավիճակ պահպանելն է»:

Եվրոպական խաղերը Բաքվում կկայանան հունիսի 12-18-ը, դրանցում կխաղարկվեն 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի վարկանիշներ։

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG