Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը՝ առաջիկա ապրիլի 23-ին


Մայր Աթոռում աշխատանքներն ավարտեց Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքները ավարտեց Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը, որին մասնակցում էին 61 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ: Ժողովի օրակարգում էին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հռչակման արարողակարգին և Սուրբ Մկրտության խորհրդի ծիսակարգի բարեկարգությանն առնչվող հարցեր:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ զոհերի սրբադասման հարցը արդեն վճռվել է նախորդ ժողովի ընթացքում, այս ժողովին զբաղվում էին այդ որոշման գործնական հարցերով:

«Այս ժողովից հետո կարևորագույն հայտարարությունը պետք է լինի այն, որ սրբադասումը պետք է լինի առաջիկա ապրիլի 23-ին, ինչպես նաև՝ մեր զորակցությունը արտահայտելու Ղարաբաղի Հանրապետության գծով», - նշեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտեց ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը: Եպիսկոպոսաց դասը աղոթք բարձրացրեց առ Աստված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների հոգիների հանգստության համար՝ սրտակցություն հայտնելով զոհերի հարազատներին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանձնարարեցին եպիսկոպոսներին եկեղեցիներում կատարել հոգեհանգստյան արարողություններ զոհված օդաչուների համար: Հանձնարարվեց նաև պետական և միջազգային լիազոր բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող, սադրիչ և ռազմատենչ գործողությունները և չեզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը:

Եպիսկոպոսաց ժողովի համաատենապետ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն էլ շեշտեց․ - «Սա նաև այն իրականությունն է, որով կփաստարկվի մեր եկեղեցու, ժողովրդի ամբողջականությունը, և սա, ես կարծում եմ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին մեծագույն դրական շարժ է մեր ժողովրդի կյանքում»:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մատենադարանապետ Տիրայր արքեպիսկոպոս Փանոսյանը կարևորեց ժողովը՝ նշելով, որ 400-500 տարի է՝ այսպիսի բան չէր կատարվել:

Հաջորդ անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանները կհանդիպեն 2015 թվականի ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության նահատակների սրբադասումը կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG