Մատչելիության հղումներ

30 ՀԿ-ներ քննադատում են «Իրավունք»-ի օգտին դատարանի որոշումը


Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնում ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 30-ին կայացրած որոշման վերաբերյալ, որով մերժվել էր 16 հայցվորների պահանջը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին պատասխանատվության ենթարկելու մասին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Կանանց աջակցման կենտրոն», «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» և ևս 25 հասարակական կազմակերպությունների կողմից ստորագրված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ - «Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը»։

Հայտարարության հեղինակները իշխանություններից պահանջում են «դատապարտել զանգվածային լրատվության և այլ միջոցներով բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց կողմից իրականացվող խտրականությունն ու ատելությունը խրախուսող կոչերը, ապահովել դատարանի կողմից ատելության հիմքով գործերով արդար, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը, ապահովել սույն գործով թիրախավորված տասնվեց հայցվորների անվտանգությունը և անձեռնմխելիությունը, խտրականությունից և բռնությունից զերծ մնալու նրանց իրավունքը»:

Հիշեցնենք, որ 16 ակտիվիստներ դիմել էին դատարան՝ պահանջելով իրենց պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար 5 միլիոն դրամ (շուրջ 12 հազար դոլար) գանձել «Իրավունք» պարբերականից: Թերթը պնդում է, որ այս մարդիկ մասնակցել են երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու արշավին՝ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քույրերին հարցեր ուղղելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG