Մատչելիության հղումներ

Բուդաղյանի փաստաբանը դատարանում խոսել է Սուրիկ Խաչատրյանի կապերի մասին


Հայ Ալումյանը միջնորդել է դատավարությունը շարունակել այլ վայրում, բայց ոչ Սյունիքում:

Անցյալ տարի Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա եղբորը՝ Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքի գործով այսօրվա դատական նիստն առաջինն էր Սուրիկ Խաչատրյանի՝ կրկին մարզպետ նշանակվելուց հետո:

Մարզպետի տան մոտ սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր միջնորդել է դատաքննությունը շարունակել որևէ այլ վայրում, բայց ոչ Սյունիքում: Փաստաբանը վկայակոչել է տարբեր ոլորտներ ղեկավարելու՝ մարզպետի բոլոր լիազորությունները և հիմնավորել, որ դատավարությանը մասնակցող որևէ անձ, այդ թվում՝ դատավորը, չի կարող խուսափել մի իրավիճակից, որը կախված է մարզպետից կամ մարզպետարանից:

«Ցանկացած պահի, երբ Դուք կամ ձեր ընտանիքի անդամները, լինելով Սյունիքի մարզի բնակիչներ, կարիք ունենաք ստանալու շինարարության իրավունք, ընտանիքի որևէ անդամ ցանկանա աշխատել որևէ տեղ, ստանալ բուժսպասարկում մարզի հիվանդանոցներից կամ պոլիկնինիկաներից մեկում և բազմաթիվ այլ հարցեր, հարցն անմիջապես հայտնվելու է սույն գործով «տուժող» ամուսնու իրավասության ներքո»,- հայտարարեց Ալումյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը վկայակոչել է նաև Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը՝ մարզպետի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո, երբ նա հրապարակավ շնորհակալություն էր հայտնել ուժային կառույցների ղեկավարներին, դատարանի նախագահին:

«Շնորհակալ եմ մեր մարզի այն 4-5 կարևոր․․․ Մեր կայազորի հրամանատարն ա, ԱԱԾ պետը, դատախազը, ոստիկանապետը և իրենց ամբողջ համակարգով, որ կարողացել ենք էս տարիների ընթացքում համագործակցել»,- հայտարարել էր Սուրիկ Խաչատրյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանն այս խորհրդավոր շնորհակալությունն է մեկնաբանել՝ վերահաստատելով, որ դատավորը չի կարող անկողմնակալ քննել մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորն առաջադրված մեղադրանքի գործը:

«Գտնում եմ, որ նման պայմաններում Դուք չեք կարող գործով անաչառ որոշում կայացնել, ինչը Ձեզ վրա պարտավորություն է դնում ինքնաբացարկ հայտնել», - ասաց Ալումյանը:

Դատավորը մերժել է միջնորդությունը:

Հայկ Ալումյանը դժգոհել է դատավորի գործելաոճից, կրկին պնդել, որ նա անաչառ չէ և որպես ապացույց նշել այն, որ դատարանը համարում է, թե Սուրիկ Խաչատրյանի որդին դատարանում է այն պահին, երբ նա դատարանում չի եղել:

«Պարզվեց, որ Տրդատ Խաչատրյանի ներկայությունը ստուգված չի եղել, բայց Ձեր նիստերի քարտուղարը, հիմք ընդունելով գործով տուժողի հայտարարությունը, Ձեզ զեկուցել է դատական նիստի ժամանակ, որ Տրդատ Խաչատրյանը ներկայացել է դատական նիստին: Ես սա դիտում եմ նույնպես որպես մի ապացույց, որ այս գործով Սյունիքում տուժող կողմի ցանկացած հայտարարություն, նույնիսկ այն աստիճան հեշտ ստուգվող, ինչպիսին է Տրդատ Խաչատրյանը էստեղ է, թե չէ, տուժողի հայտարարությունը ընդունվում է որպես հիմք: Սա պարզապես ախտանիշ է, որ էստեղ էս գործը չի կարող քննվել քիչ, թե շատ օբյեկտիվ: Էս դատավարությունը իրականում դատավարություն չի, սա իմիտացիա է դատավարության», - հայտարարել է փաստաբանը:

Հայկ Ալումյանը հավելել է, որ եթե դատարանն իսկապես կատարեր իր պարտականությունները, հնարավոր կլիներ դատարան ներկայացնել սպանության մեջ մեղադրված Տիգրան Խաչատրյանին՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն:

Այս փաստարկները ներկայացնելով՝ Հայկ Ալումյանը լքել է դատական նիստերի դահլիճը: Դատավորի համար սա անսպասելի էր:

Միայն այս պահին է դատավորը Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդուն հարցրել, թե նա որտե՞ղ է եղել այն պահին, երբ նիստերի քարտուղարը զեկուցել է, որ դատարանում է, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասել է, որ դրսում է եղել:

Հայկ Ալումյանի հեռանալուց հետո դատավորը ստիպված է եղել նիստը հետաձգել:

Թե ինչպես պետք է դատարանը Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո փորձի արդարադատություն իրականացնել, պարզ կլինի հոկտեմբերի 7-ին:

XS
SM
MD
LG