Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյան. «Մենք պետք է լինենք մեր զինվորի կողքին»


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատություն TV»- ի տաղավարում, արխիվ

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատություն TV»- ի տաղավարում, արխիվ

Ազգային ժողովի պատգամավորները վերադարձել են դիրքերից:

«Մեր հայ զինվորը և՛ վճռական էր, և՛ հաղթական տրամադրություն ուներ, այսպես ասեմ՝ որևէ մեկն այնտեղ էլ անելիք չուներ, անելիքը մեկն էր՝ որ մեր զինվորը վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է», - երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դիրքերից նոր վերադարձած Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

«Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել՝ երբ կլինի կամ ինչ ծավալով կլինի, բայց մենք պետք է ասենք, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, որ մենք պետք է լինենք մեր զինվորի կողքին», - ընդգծեց Սահակյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ շաբաթ օրը ուղևորվել էին դիրքեր։

Ըստ Սահակյանի՝ Ալիև կրտսերը փորձեց ղարաբաղյան կոնֆլիկտով որոշակի խնդիրներ լուծել: «Եթե վերցնենք ադրբեջանական, էսպես ասած, ներքին սպառման շուկան, մենք գիտենք, որ Ալիև կրտսերը իր բոլոր հաջողություններն ու անհաջողությունները կապում է արցախյան, ղարաբաղյան հակամարտության հետ, հետևաբար՝ նա, ժամանակ առ ժամանակ պետք է իր ժողովրդին ցույց տա, թե ուր է տանում կամ ուր է մղում այն նավթադոլարներից եկող հսկայական գումարները, որոնք չեն երևում ազգաբնակչության մեջ», - ասաց նա:

Սահակյանի խոսքերով՝ տարբեր չափանիշներով, տարբեր միջազգային կառույցների կողմից արված դիտարկումները ցույց են տվել, որ Ադրբեջանը ամենավերջին հորիզոնականներում է թե՛ կոռուպցիայի, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, և կան բազմաթիվ խնդիրներ, և Ալիև կրտսերը պետք է փորձի ղարաբաղյան այդ կոնֆլիկտով որոշակի խնդիրներ լուծել։

Սոչիում օգոստոսի 10-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները հայտարարեցին սահմանին ու շփման գծում լարվածության թուլացման և հրադադարի խախտման դեպքերի նվազման մասին։ Սահակյանը ասաց, որ, միանշանակ, լարվածության թուլացումը կարելի է կապել նաև Սոչիում կայացած այս հանդիպման հետ։

«Ալիև կրտսերը մինչ այս հանդիպումները միշտ չգիտես ինչու ամպագոռգոռ հայտարարություններով էր հանդես գալիս, որ ինքը հողին է հավասարեցնելու ամբողջ Հայաստանը, Երևանը, չգիտեմ, ինքը տարբեր նպատակներ ունի, բայց տեսնում եք, որ էնտեղ ինքը կողմնակից էր միայն խաղաղ կարգավորման․ սա էլ է գործելաոճ, սա էլ է որևէ տեսակետ, որ կարող է գոյություն ունենալ իրենց ժողովրդի մեջ», - նշեց հանրապետական պատգամավորը:

«Մենք ընդունում ենք ուղիղ կեցվածքը, և ինչպես մեր նախագահ Սերժ Սարգսյանը նշեց՝ միայն մենք ենք, որ օգտագործել ենք մեր հեղինակությունը և մեր ժողովրդին պատերազմի չենք տրամադրել կամ նման հայտարարություններով հանդես չենք եկել: Հետևաբար, մեր ժողովուրդը՝ որպես հաղթող ժողովուրդ, նաև անտրամաբանական էլ կլինի, որ հարձակվի կամ որևէ գործողություն կատարի սահմանում, այդ գործողությունների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա», - ասաց Սահակյանը։

XS
SM
MD
LG