Մատչելիության հղումներ

Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը


Սահմանային աննախադեպ լարվածության ու չդադարող կրակոցների ֆոնին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը շարունակվեց մոտ մեկ ժամ:

Մեկնարկին Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը մի քանի րոպեանոց զրույց ունեցան լրագրողների ու տասնյակ տեսախցիկների առջև, խոսեցին խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին, բայց և չկորցրին առիթը՝ անգամ այդ կարճատև զրույցի ընթացքում միմյանց մեղադրեցին միջազգային պարտավորությունները չկատարելու համար:

Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց 90-ականներին ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա», - մասնավորապես, ասաց Ալիևը:

Հայաստանի նախագահը հակադարձեց․ - «Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ տեղ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի»:

Ներածական մի քանի րոպեանոց խոսքում Ադրբեջանի առաջնորդը հասցրեց նաև դժգոհել Մինսկի խմբի ոչ արդյունավետ աշխատանքից ու գովեստի խոսքեր շռայլեց Ռուսաստանի նախագահի հասցեին:

«Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին», - ասաց Ալիևը, - «Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում»:

Այն, որ Ռուսաստանն այս հարցում յուրահատուկ դեր ունի՝ չթաքցրեց նաև Կրեմլի առաջնորդը: Արևմուտքի հետ լուրջ հակասությունների մեջ գտնվող Պուտինը հատուկ նշեց՝ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում կարգավորման զբաղվող բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու է աշխատել գործընկերների հետ, այդուամենայնիվ Ղարաբաղի հարցում, ըստ նրա, հակամարտող կողմերն ու Ռուսաստանն իրար այլ կերպ են հասկանում ու վստահում:

«Մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ», - ասաց Վլադիմիր Պուտինը:

Միակ բանը, որ կրկնեցին երեք նախագահներն էլ, պնդումն էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Սերժ Սարգսյանն ընդգծեց փոխզիջումների անհրաժեշտությունը, Ալիևը հույս հայտնեց, թե լուծումը կհամապատասխանի ոչ միայն միջազգային իրավունքի նորմերին, այլև արդարությանը: Հանդիպումը նախաձեռնած Վլադիմիր Պուտինն էլ կոչ արեց համբերատարություն, խոհեմություն և միմյանց նկատմամբ հարգանք դրսևորել:

«Խաղաղ կարգավորումն, իրականում, ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է ասել և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն, և մենք պետք է դրսևորենք համբերատարություն, խոհեմություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք», - նշեց Ռուսաստանի առաջնորդը:

Ավելի վաղ՝ երեկ, Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նախագահական նստավայրում առանձին – առանձին էր ընդունել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին: Բանակցություններից առաջ Ալիևն ասել էր, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգձգվում և լուծում է պահանջում: Սերժ Սարգսյանն էլ պնդել էր, թե իրավիճակը Ադրբեջանի կողմից կանխամտածված է շիկացվում և պատրաստակամություն էր հայտնել Պուտինին ներկայացնել դրա պատճառները: Հետո բանակցությունները շարունակվել էին փակ դռների ետևում, իսկ երեկոյան արդեն Պուտինը հակամարտող կողմերին հրավիրել էր մարտական սամբոյի մրցաշար դիտելու:

Այս պահի դրությամբ անհայտ է, և որևէ մանրամասն չի հրապարակվում փակ դռներից այն կողմ՝ երեկ և այսօր տեղի ունեցած բանակցությունների մասին: Փորձագետները, սակայն, նշում են, որ կրքերի թեժությամբ դրանք մարտական սամբոյին, թերևս, չեն զիջել:

XS
SM
MD
LG