Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանի կառավարությանը և գործարարներին


ՌԴ դեսպանատունը հակադարձում է՝ «դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ հյուրընկալող երկրի իշխանություններին ցուցում տալ, թե ում հետ և ինչպես պետք է կապեր պահպանել»։

Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից փոխանցեցին.- «Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին: Ինչպես աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանությունները, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները փոխանցել է տեղի կառավարության ներկայացուցիչներին ու ընկերություններին»:

Դեսպանատան հաղորդագրությունում նաև նշված է․ - «Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության, Ղրիմի բռնակցման ու Ուկրաինային ինքնիշխանության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների հետ կապված՝ հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները 13662 նախագահական հրամանագրով որոշակի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ութ ռազմարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների և մի խումբ ռուսական պաշտոնյաների ու ուկրաինական անջատողականների նկատմամբ: Այս քայլը ձեռնարկելուց առաջ Միացյալ Նահանգները բազմաթիվ հանդիպումներ է ունեցել՝ դրանք սերտորեն համակարգելով մեր շատ գործընկերների, այդ թվում ԵՄ-ի ու Յոթնյակի գործընկերների հետ, ովքեր նույնպես մատնանշել են անձանց, ովքեր պատասխանատու են արևելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար»:

Ռուսաստանը պատասխանում է

Երեկոյան կողմ պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Երևանում Ռուսաստանի դեսպանատունը՝ նշելով, թե «դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ հյուրընկալող երկրի իշխանություններին ցուցում տալ, թե ում հետ և ինչպես պետք է կապեր պահպանել»:

«Ռուսաստանյան ընկերությունների հետ հարաբերությունների դադարեցման կոչերը ի չիք են դարձնում ամերիկյան ներկայացուցիչների կեղծավոր հայտարարությունները՝ Հայաստանի տնտեսության զարգմանը նպաստելու պատրաստակամության մասին: ԱՄՆ գործողություններում հստակորեն ուրվագծվում են առևտրատնտեսական անբարեխիղճ մրցակցության տարրեր»,- ասված է Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունում:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը ու Եվրամիությանը նախորդ օրերի ընթացքում նոր՝ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նավթային, ռազմա-արդյունաբերության և պետական կապիտալ ունեցող ֆինանսական հաստատությունների նկատմամբ:

Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերություններից, որոնք ներգրավված են Հայաստանում, «Գազպրոմբանկ»-ն ու «ՎՏԲ»-ն են: Այդ երկու բանկերին են պատկանում, համապատասխանաբար, «Առէկսիմբանկ»-ը և «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը:

«Առէկսիմբանկ»-ից և «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից այսօր չցանկացան արձագանքել ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը: Երեկ «Ազատությանը» փոխանցել էին, որ պատժամիջոցները չեն ազդի իրենց հաճախորդների վրա: «Առէկսիմբանկ»-ից մանրամասնեցին՝ թեև «Գազպրոմբանկ»-ը իրենց 100 տոկոսանոց սեփականատերն է, սակայն «Առէկսիմբանկ»-ը առանձին իրավաբանական անձ է, ուստի պատժամիջոցները չեն առնչվում իրենց: Իսկ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից չհիմնավորեցին, թե ռուսական «ՎՏԲ»-ի դեմ պատժամիջոցները ինչո՞ւ չեն ազդի իրենց հաճախորդների վրա:

Հայաստանի կառավարությունը չի արձագանքում

Պատժամիջոցները վերաբերում են նաև «Ռոսնեֆտ» ընկերությանը: Հայաստանի իշխանությունները տարվա սկզբին հայտարարեցին, թե այդ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել 400 միլիոն դոլար ներդնել՝ «Նաիրիտ»-ը վերակենդանացնելու համար: Կես տարի է անցել, սակայն գործարքն այդպես էլ չի կայացել:

Այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցրեցինք՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, հնարավո՞ր է «Նաիրիտի» գործարքը չկայանա: Նախարարը չցանկացավ խոսել, ասաց՝ ոչ մի հարցի չի պատասխանի:

ԱՄՆ դեսպանատան հայտարարության, ինչպես նաև Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին չցանկացան խոսել նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Պաշտպանության նախարարությունից նույնպես անարձագանք թողեցին «Ազատության» հարցումն այն մասին՝ արդյոք սառեցվելո՞ւ է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի այն ձեռնարկությունների հետ համագործակցությունը, որոնց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ:

«Հայաստանի գործարար աշխարհը պետք է ի գիտություն ընդունի ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը»,- լրագրողներին այսօր ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը.- «Բայց դեսպանատան հայտարարության մեջ նշված կազմակերպությունների մի մասը Հայաստանում մենաշնորհային դիրք ունեն էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում, և մենք ուզենք, թե չուզենք, պիտի աշխատենք։ Ամերիկյան կառավարությունը պետք է մտածի, թե ինչ լուծումներ է տալիս Հայաստանին»։

Պատժամիջոցները տարածվում են «Առէկսիմբանկ»-ի և «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի վրա

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով, իրականում, «Առէկսիմբանկ»-ն ու «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը նույնպես ընկնում են պատժամիջոցների ներքո, քանի որ այդ երկու բանկերը, հանդիսանալով «Գազպրոմբանկ»-ի ու «ՎՏԲ»-ի սեփականությունը, փաստորեն պատկանում են ռուսական պետական կապիտալին:

«ԱՄՆ-ի և ԵՄ-ի պահանջները շատ հստակ են և ուղղված են ֆինանսական բլոկին և նավթագազային համակարգի ձեռնարկություններին, բայց հիմնականում այն ձեռնարկություններն են, որոնք պետական մասնակցություն ունեն 50 տոկոսից ավելի։ Այս երկու բանկերն էլ այդպիսին են»,- ասաց տնտեսագետը։

Խաչատրյանը շարունակեց, թե պատժամիջոցները չեն կարող չանդրադառնալ այդ բանկերի վրա.- «Այդ բանկերը օգտվում էին եվրոպական և ամերիկյան ֆինանսական կառույցներին՝ բավականին էժան, մատչելի վարկեր բերելով։ Երբ ուսումնասիրում ենք նրանց տնտեսական գործունեությունը, վերաֆինանսավորման անընդհատ ցիկլի մեջ են գտնվում։ Երբ անհրաժեշտ է լինում, նրանք ցածր տոկոսով վարկեր են վերցնում եվրոպական կամ ամերիկյան բանկերից, որով կարողանում են իրենց գործունեությունը ծավալել։ Տվյալ դեպքում հաստատ կավելանան նրանց ֆինանսական ծախսերը, որը կհանգեցնի տոկոսադրույքի բարձրացման։ Սա նշանակում է բանկերի շահույթների նվազում և իրենց ֆինանսական ծրագրերի կամ ներդրումային պորտֆելի վերանայում»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG