Մատչելիության հղումներ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարում է, թե Նոր Հալեպ թաղամասի կառուցումը չի ձախողվել։

«Ծրագիրը շարունակվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ կոչ անելով մասնակցել այդ նպատակով դրամահավաքին։

«Եթե յուրաքանչյուր հայ երկու դոլարին համարժեք գումար փոխանցի այդ հաշվեհամարով, նշանակում է այդ ծրագիրը ընդհանրապես անվճար կլինի, և ոչ թե այն գումարը, որը մեր հայրենակիցները ուզում են դնել՝ 20 հազար, 30 հազար դոլար ամեն մեկը: Ծրագիրը որևէ մեկը չի փակել, չի կանգնեցրել, ուղղակի մարդը ինքը պետք է որոշում կայացնի՝ բնակարան ուզում է, թե չի ուզում: Ես իրենց փոխարեն այդ որոշումը կայացնել չեմ կարող», - ասաց Սփյուռքի նախարարը:

Սիրիական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ավելի քան 600 սիրիահայեր դեռ անցած տարի նամակ - խնդրանքով դիմել էին նախարարին, որ կառավարության օգնությամբ հալեպահայերի համար թաղամաս կառուցվի։ Սփյուռքի նախարարը ցույց է տալիս փաստաթուղթը, որով սիրիահայերը ցանկություն են հայտնել վճարել նոր թաղամասում իրենց հատկացվելիք բնակարանների համար։

«Եթե մարդիկ եկել են և առաջարկել, ես հակառակը ասել չեմ կարող: Տեսեք 7 միլիոնի չափով բնակելի շենքի համար են խոստացել տալ իրենք, առանձնատների համար 7 միլիոն 600 հազար, ընդհանուր առմամբ՝ 15 միլիոն դոլար: Իրենք՝ սիրիահայերը հավաքվել և որոշել են, որպեսզի այդ տարածքը կառուցվի», - ընդգծեց նախարարը:

Ծրագրի մեկնարկի մասին հայտարարվեց անցած տարի։ Նախարարությունն այդ ժամանակ կոչով դիմեց սփյուռքի ու հայաստանյան բարերարներին՝ խնդրելով Նոր Հալեպի կառուցման համար գումար հատկացնել։ Միայն անցած մեկ տարում գործարար Հրանտ Վարդանյանը 100 հազար դոլար է նվիրաբերել: Հայաստանում գործող մի քանի ընկերություններ ու անհատներ ևս նվիրատվություններ են արել 20 հազար դոլարի սահմաններում:

Սփյուռքի նախարարությունը անցած մեկ տարում դիմել է նաև սփյուռքի կազմակերպություններին, բայց, փաստորեն, դեռևս որևէ կազմակերպությունից գումար չի փոխանցվել:

Չնայած նախարարը չի կարող բարերարների փոխարեն ասել, թե ինչո՞ւ չեն գումար փոխանցել, բայց դեռևս մեկ տարի առաջ բնակարանի հարցով ակտիվ սիրիահայերի վերաբերյալ կարծում է, որ նրանք արդեն պարզապես ծախսել են իրենց գումարները։ «Ազատության» հետ զրույցներում Նոր Հալեպում բնակարան ցանկացող սիրիահայերից շատերն են նշել, թե գումար այլևս չունեն:

«Իրենք բնակարաններ, տարածք ուզում էին ունենալ՝ հաշվի առնելով, որ մեկ-երկու տարի անց կգնան Սիրիա, իրենս բիզնեսը կակտիվացնեն, ավելի հեշտությամբ այդ բնակարանները կկառուցեն: Իսկ քանի որ սիրիայում վիճակը ավելի վատացավ, իրենց խնայողություններն էլ մաշվեցին և ոչ թե ավելացան, այդ պատճառով իրենք այս պահին ձեռնպահ են, բայց դա չի նշանակում, որ իրենք չեն ուզում», - ասաց Հրանուշ Հակոբյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են մեկ տասնյակից ավելի սիրիահայեր Հայ հեղափոխական դաշնակցության «Օգնիր եղբորդ» հիմնադրամի նախաձեռնած ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրել, նախարարն այսպես արձագանքեց․- «Միշտ էլ մեկ տասնյակ մարդիկ կգտնվեն, սա մեկ, երկրորդը՝ ՀՅԴ-ը իր այդ ծրագիրը անում է Երևանում, իսկ մեր ծրագիրը Աշտարակում է»:

Աշտարակում նախատեսվում է կառուցել 4-5 հարկանի 10 բազմաբնակարան շենք ու մոտ 100 առանձնատուն։ Նախնական տվյալներով, շուրջ 500 բնակարան ունեցող թաղամասի կառուցման համար կպահանջվի 35 միլիոն դոլար։ Բնակարանները կհատկացվեն սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքներին ոչ թե անվճար, այլ շուկայականից ցածր գներով։ Առանց ներքին հարդարման բնակարանների 1 քառակուսի մետրի դիմաց սիրիահայերը պետք է վճարեն մինչև 500 դոլար։

Մինչ Սփյուռքի նախարարությունը փորձում է միջոցներ ներգրավել Նոր Հալեպի կառուցման համար, Երևանի Դավիթաշեն թաղամասում օգոստոսի 1-ից կսկսվեն 14 հարկանի շենքի շինարարական աշխատանքները։ Այդտեղ բնակարան կունենա 78 սիրիահայ ընտանիք։

Շենքը կառուցվում է Հայ հեղափոխական դաշնակցության «Օգնիր եղբորդ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի տնօրեն Թաթուլ Հարությունյանն ասում է, որ ծրագրին ցանկություն են հայտնել մասնակցել մի քանի անգամ ավելի շատ սիրիահայեր։

Մեկ տասնյակից ավելի սիրիահայեր արդեն պայմանագիր են կնքել հիմնադրամի հետ՝ վճարելով 2 միլիոն դրամ նախնական գումար։ Մնացած գումարը վճարելու են 18 ամսվա ընթացքում։ Հարությունյանն ասում է, որ բնակարանները շուկայականից երկու անգամ պակաս գնով են տրվելու սիրիահայերին։

«Մենք փորձելու ենք նաև նրանց համար ապահովել հիփոթեքային վարկեր ապահովել», - ասաց Հարությունյանը:

Սիրիական պատերազմի հետևանքով այժմ Հայաստանում է բնակվում ավելի քան 11 հազար սիրիահայ։

XS
SM
MD
LG