Մատչելիության հղումներ

Սիրիայում իրավիճակը կրկին սրվել է, հայերը ևս տուժել են


Սիրիայում նախագահական ընտրությունների ֆոնին իրավիճակը կրկին սրվել է։ Հայաշատ Հալեպում հատկապես թիրախի տակ է հայկական Նոր գյուղ թաղամասը։

Վերջին մի քանի օրերին ռմբակոծության հետևանքով կան զոհեր, վնասվել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Ազգային Սահակյան վարժարանը, հայկական դպրոցը, մեծ վնասներ է կրել նաև Սիրիահայերի օգնության խաչի շենքը։

Բերիո թեմի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քաղաքում այս պահին էլ ռմբակոծություն է, և իր կինը հազիվ է փրկվել մահից։

Երևանում բնակվող լիբանանահայ հրապարակախոս Սաքո Արեանը, ով մշտապես կապի մեջ է Հալեպում գտնվող իր ընկերների հետ, տարակուսում է՝ ի՞նչ են ձեռնարկում Հայաստանի իշխանությունները հազարավոր սիրիահայերին օգնելու համար։ Արեանը հատկապես զարմանում է վերջերս Սիրիա մեկնած հայ պատգամավորների լռությունից, ովքեր Երևան վերադառնալուց հետո կարծես թե մոռացել են այս խնդրի մասին։

«Մինչև հիմա այդ նախաձեռնությունը ոչ մի կոնկրետ նախադասություն չի արտասանել։ Այդ պատվիրակությունը հանդիպեց Բաշար Ասադին, և դրանից անմիջապես հետո հայկական շրջանները ավելի մեծ ավերածությունների, վտանգների կորուստների առջև կանգնեցին»,- ասաց հրապարակախոսը։

Հիշեցնենք, վերջերս սեփական նախաձեռնությամբ Սիրիա էին այցելել Ազգային ժողովի վեց պատգամավորներ, որոնցից մեծամասնությունը Հանրապետական խմբակցությունից էին։

Հրապարակախոսը վստահ է, որ եթե Սիրիայի տարբեր քաղաքներում շրջած, Բաշար Ասադին հանդիպած և տարբեր հեռուստաընկերություններին հարցազրույցներ տված պատգամավորները իրականում ոչ թե մեղմել, այլ էլ ավելի են բարդացրել սիրիահայերի վիճակը տեղում։

«Յոթ զոհ, տասը վիրավորի մասին է խոսվում վերջին չորս օրերին։ Ծանր գործողություններ են կատարվում Հալեպում, ու դիմացը մեր ժողովուրդը անտեր, անօգնական...»,- ասաց Արեանը։

Սիրիա մեկնած պատգամավորների վեց հոգանոց խմբից մի քանիսն այս պահին Հայաստանում չեն, հաջողվեց կապ հաստատել միայն Մոսկվայում գտնվող Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հետ։ «Ազատության» հետ զրույցում նա պնդեց, որ իրավիճակը Սիրիայում վերջին տարիներին նույնն է, իրենք ամեն կերպ ցանկանում են օգնել և շուտափույթ կայունություն են ցանկանում, մինչդեռ հնարավորությունները սահմանափակ են։

Այն հարցին, թե օգնության ի՞նչ քայլեր ձեռնարկեցին պատգամավորները Սիրիայից վերադառնալուց հետո, Մարտիրոսյանը այսպես պատասխանեց.- «Մեր տեսածի, լսածի, փորձի մասին բոլորին տեղյակ պահեցինք՝ հանրապետության նախագահից սկսած, քաղաքական ուժեր, արտգործնախարարություն, կառավարություն, միջազգային կազմակերպություններ, սփյուռքի կազմակերպություններ և այլն։ Այնտեղ տեղում հանդիպեցինք նաև Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Խողովակները օգտագործեցինք, մեզնից կախվածը մենք արեցինք։ Մեր խնդիրը տեղեկացնելն էր և իրավիճակին ճիշտ գնահատականը տալը»։
XS
SM
MD
LG