Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկին` Լեյլա Յունուսին Ադրբեջանի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն բերման ենթարկեցին այսօր կեսօրին` տանից դուրս գալուց անմիջապես հետո:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ քաղաքացիական հագուստով երեք իրավապահներ սկզբում փակեցին Յունուսի ավտոմեքենայի ճանապարհը, ապա ստիպեցին նրան հետևել իրենց` ուղևորվելով դատախազություն: Իրավապահների մեկ այլ՝ վեց հոգանոց խումբ էլ այդ նույն րոպեներին արգելափակել էր Յունուսի բնակարանը, որտեղ այդ պահին գտնվում էր նրա ամուսինը, հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսը: Հատուկ գործողության ավարտին, երբ Յունուսն ի վերջո կարողացավ դուրս գալ տանից, նա որոշ պարզաբանումներ տվեց դեպքի վայր ժամանած լրագրողներին:

«Առավոտվանից Գլխավոր դատախազության աշխատակիցները փորձում են կոտրել մեր տան դուռը: Այս պահին Լեյլա Յունուսը Գլխավոր դատախազությունում է, որտեղ նրան հարցաքննում են: Փաստաբան Խալիդ Բաղիրովին արգելվել է մասնակցել քննչական գործողություններին: Հարցաքննությունն ի դեպ վարում է քննիչ Իբրահիմ Լեմբերանսկին: Սա այն նույն քննիչն է, որի վարույթում է գտնվում [«Զերկալո» թերթի լրագրող] Ռաուֆ Միրկադիրովի դեմ հարուցված քրեական գործը: Չեմ բացառում, որ ինչպես և Միրկադիրովին, մեզ էլ ձերբակալեն»,- հայտարարեց Յունուսը` փաստաբանի ուղեկցությամբ մեկնելով Դատախազություն:

«Ես պատրաստվում եմ հանձնվել»,- հայտարարեց քաղաքագետը` մտնելով Գլխավոր դատախազության շենք:

Արիֆ և Լեյլա Յունուսների դեմ հետապնդումները սաստկացան ապրիլին, այն բանից հետո երբ Անկարայում ձերբակալվեց, ապա Ադրբեջանին արտահանձնվեց լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:

Մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Ազգային Անվտանգության նախարարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պնդելով, թե Միրկադիրովը տարիներ շարունակ համագործակցել է հայկական հետախուզության հետ: Ադրբեջանական հատուկ ծառայությունների պնդմամբ՝ նրան 2009 թվականի փետրվարին Թբիլիսիում հավաքագրել էին հայաստանցի իրավապաշտպան Լաուրա Բաղդասարյանն ու Հայաստանի ազգային անվտանգության Գլխավոր վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Միրկադիրովն, ըստ քննիչների, հայկական կողմին իբր ռազմական նշանակության տեղեկատվություն էր փոխանցում: Որպես լրագրողի լրտեսական գործունեության օրինակ՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները մատնանշում են Միրկադիրովի` հայերին հաղորդած տեղեկությունները Բաքվի օդանավակայան տանող, ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված նոր խճուղու մասին, որը պարզվում է Իրանի դեմ պատերազմի դեպքում կարող է օգտագործվել որպես թռիչքուղի ԱՄՆ օդուժի համար:

«Այդ տեղեկատվությունը հայկական հատուկ ծառայությունները հետագայում տրամադրել են իրանական կողմին, ինչը վնասել է Բաքվի և Թեհրանի հարաբերություններին»,- պնդում են ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները:

Ինչ վերաբերում է Լեյլա Յունուսին, ապա նա, ըստ ադրբեջանական հատուկ ծառայությունների, միջնորդի դեր է ստանձնել Միրկադիրովի և հայկական հատուկ ծառայությունների միջև՝ կազմակերպելով նրա այցելությունները Հայաստան:

Վերջին, դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, Գլխավոր դատախազությունում մոտ երեք ժամ շարունակված հարցաքննությունից հետո Լեյլա և Արիֆ Յունուսներին տեղափոխել են Նիսամիի շրջանի առաջին ատյանի դատարան, որն էլ կորոշի ամուսինների խափանման միջոցը: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը:

XS
SM
MD
LG