Մատչելիության հղումներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ հատկապես վերջին երկու տարիներին առողջական խնդիրներով զորակոչվող երիտասարդների թիվը կտրուկ աճել է:

Գրասենյակը վերջերս հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդները շարունակում են բանակ զորակոչվել:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Այս զինվորներից շատերը իրենց ծառայության մեծ մասը զինվորական հոսպիտալներում են անցկացնում՝ այդպիսով անբացատրելի թողնելով մի հարց՝ ինչո՞ւ են զորակոչվել բանակ, եթե ակնհայտորեն պիտանի չեն ծառայության համար»:

«Խորը, հիմնավոր, օբյեկտիվ բժշկական քննություն չի իրականացվում: Բժշկական օբյեկտիվ հետազոտություն, որի հիման վրա կարելի է եզրակացություն կազմել զորակոչիկի առողջական վիճակի մասին, չի իրականացվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ անգամ բողոքարկելուց հետո կրկնակի զննությունը նույնպես մակերեսային է կատարվում, և կան դեպքեր, երբ 3 տարի տարկետումից հետո երիտասարդը ի վերջո զորակոչվում է, ինչը օրենքի խախտում է.- «Եվ այնպիսի պատկեր կա, որ նպատակն է ոչ թե բացահայտել առողջական խնդիրները, որոնք հիմք կտան օբյեկտիվ եզրակացություն կազմել պիտանիության մասին, այլ ամեն ձևով, ձևական մոտեցումներով և գրառումներով՝ մարդուն ճանաչել պիտանի և ապահովել նրա զորակոչը»:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ կան կոռուպցիոն ռիսկեր, և բժշկական կեղծ փաստաթղթերի հիմքով՝ առողջական խնդիրներով մեկին կարող են բանակ զորակոչել, իսկ բոլորովին առողջ մեկին՝ ազատել ծառայությունից:

«Անկեղծ ասենք՝ դա դիտավորություններ են և կոռուպցիոն ռիսկեր են: Այս տարի նախարարը թիվ հայտնեց՝ 60-ից ավել խարդախների հայտնաբերում նախկին զորակոչերի ընթացքում: Այսինքն՝ մենք գերազանցապես դրանցում գտնում ենք դիտավորություններ բժիշկների, զորակոչվողի կամ ծնողների կողմից: Բայց լինում են նաև տասնյակ դեպքեր, որտեղ իրականում սխալմամբ է եղել: Անցյալ տարիներին ունեցել ենք մոտավորապես 70 դեպք վերաքննության կարիք ունեցողների, բայց 47-48-ը նորից վերահաստատվեցին և ծառայության անցան, 20 հոգուց մի քիչ ավելի մարդ զորացրվեց», - ասաց Հովհաննիսյանը:

Այս ամենով հանդերձ՝ ՊՆ մամլո խոսնակը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը այն մասին, որ առողջական խնդիրներով երիտասարդների զորակոչը բանակ շարունակվում է, ավելի շատ բամբասանք է համարում՝ պահանջելով կոնկրետ անուններ ու փաստեր:

Արթուր Սաքունցը ի պատասխան ասում է, որ կոնկրետ անուններ ու փաստեր մշտապես ներկայացնում են պաշտպանության նախարարություն, սակայն պատշաճ պատասխաններ չեն ստանում և դրանց վերաբերյալ նախարարությունը համապատասխան գործողություններ չի ձեռնարկում:

«Եթե պաշտպանության նախարարությունը պատրաստ է, բոլոր տվյալները կքննարկենք, թե ինչպե՞ս են պատասխանել և արդյոք համարժեք է եղել արձագանքը էն խնդիրներին, որոնք մենք բարձրացրել ենք: Բայց ինձ մտահոգում է հետևյալը. մինչև մենք դա կքննարկենք, էդ առողջական խնդիրներ ունեցողները, գտնվելով ծառայության մեջ, կունենան բավական լուրջ խնդիրներ: Արդյո՞ք համարժեք կլինի մեր արձագանքը»,- ասաց իրավապաշտպանը։

XS
SM
MD
LG