Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան. «Բանակցային գործընթացը փակուղու մեջ է»


Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Հայ ազգային կոնգրեսի ններկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:

Հայկական կողմը չի կարողացել այնպիսի փաստեր ներկայացնել, որ համանախագահների հայտարարությունը ավելի նպատակային լինի և մեղադրանքն ուղղված լինի հենց Ադրբեջանի կողմին։ «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների չորեքշաբթի երեկոյան հրապարակած հայտարարությունը:

Միջնորդները իրենց հայտարարությունում մտահոգություն են հայտնում շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների կապակցությամբ: Հուլիսի 22-ին Բրյուսելում համանախագահները առանձին հանդիպումներ էին ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Նկատելի է, որ հավասարակշռությունը փորձում են համանախագահները պահել իրենց հայտարարության մեջ։ Եվս մեկ կարևոր հանգամանք կա՝ կարծես թե հերթական անգամ բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվում է. արդեն երկուսուկես տարի է, ինչ միայն մեկ հանդիպում է տեղի ունեցել բարձր մակարդակի վրա, և Ֆրանսիայի նախագահի հրավերը՝ անցկացնել հանդիպում Ֆրանսիայում, կարծես թե օրակարգից դուրս է եկել», - ասաց Կարապետյանը։

Երեկ տարածած հաղորդագրությունում համանախագահները նաև նշել են, որ շարունակում են կողմերի հետ դիտարկել անվտանգության նկատմամբ վստահության ամրապնդման միջոցները և հասարակ քաղաքացիների միջև հանդիպումների ծրագրերը՝ ընդգծելով, որ նման ծրագրերը ամրապնդում են տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ վստահությունն ու հավատը։

Ըստ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի, այս երկու ծրագրերն էլ կարևոր են, հատկապես՝ քաղաքացիների միջև հանդիպումը, պարզապես դրանք որևէ լուրջ ազդեցություն բանակցային գործընթացների վրա չեն ունենում։

«Բանակցային գործընթացը, այսինքն՝ որ պետք է մոտեցնի հակամարտության հանգուցալուծումը, փակուղու մեջ է, չկան հանդիպումներ, անգամ, եթե դուք նկատեցիք, համանախագահների հանդիպումը տեղի է ունեցել առանձին արտգործնախարարների հետ, այսինքն՝ նույնիսկ արտգործնախարարները այլևս չեն հանդիպում, և այդ առումով վստահության մթնոլորտի ձևավորման քայլերը կարող են դժվար լինել», - ասաց Կարապետյանը։

Հարցին, թե հայտարարությունները ուղղակի ազդեցություն ունենո՞ւմ են սահմանային իրադրության վրա, Կարապետյանը պատասխանեց․ - «Ո՛չ, նման հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենում, ավելին կարող եմ ասել՝ որ համանախագահների դերակատարությունը վերջին շրջանում շատ նվազել է»։

Ավելի մեծ ազդեցություն են ունենում, ըստ ընդդիմադիր գործչի, երկկողմ հարաբերությունները, «մասնավորապես՝ վերջին արտառոց դեպքը, երբ Իտալիա այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջողացրել էր ստորագրել մի համատեղ հռչակագիր, որտեղ կանխորոշվում է հակամարտության կարգավորումը»:

«Սակայն հենց նման իրադարձությունները, երբ Եվրամիության անդամ երկրները սկսում են պաշտպանել ադրբեջանական դիրքորոշումները, իսկապես լկտիացնում են Ադրբեջանին, որն ավելի անզիջում դիրքերից է սկսում իրեն դրսևորել բանակցությունների ժամանակ», - շեշտեց Վլադիմիր Կարապետյանը:

XS
SM
MD
LG