Մատչելիության հղումներ

Ռիչարդ Միլսը՝ Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածու


Ռիչարդ Միլս

Ռիչարդ Միլս

«Ես արդեն ասել եմ Ռիկին, որ եթե Հայաստանում դեսպանի նրա թեկնածությունը հաստատվի, դա լավագույն աշխատանքն է աշխարհում», - Թվիթերում գրել է Ջոն Հեֆերնը:

Նախագահ Բարաք Օբաման Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է փորձառու դիվանագետ Ռիչարդ Միլսի թեկնածությունը, ով ներկայումս ԱՄՆ-ի փոխդեսպանն է Բեյրութում: Այս տեղեկությունը այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:

1988 թվականից իր դիվանագիտական կարիերան սկսած Միլսը ավելի վաղ աշխատել է գերտերությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար առանցքային նշանակություն ունեցող Բաղդադում ու Իսլամաբադում: Քաջ ծանոթ է նաև նախկին Խորհրդային Միության խնդիրներին ու նաև հայաստանյան խնդիրներին, քանի որ իր դիվանագիտական աշխատանքի մեկնարկին՝ գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին, Միլսը աշխատել է հենց Պետդեպարտամենտի Խորհդային Միության հարցերով զբաղվող բաժնում, ապա ղեկավարել անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով բացված խորհրդատվական բաժինը:

«Սա շատ կարևոր փորձառություն է Հայաստան մեկնող դիվանագետի համար»,- այսօր «Ազատության» հետ զրույցում նկատեց Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ լոբբիստական հանձնախումբը Միլսի թեկնածության դեպքում ևս հետամուտ է լինելու, որ վերջինս Սենատում պատասխանի հայ համայնքին հուզող հարցերին։

«Հայաստանի նոր անկախացման ժամանակ Միլսը նաև Պետդեպարտամենտում Հայաստանի պատասխանատուն է եղել, ինչը ամենալավ սկզբնակետն է, և մենք պիտի շարունակենք հետազոտել և աշխատել օրենսդիրների հետ, որ Սենատում նրան կարևոր հարցերը տրվեն՝ լինի դա 1915 թվականին ընդառաջ ցեղասպանության, ղարաբաղյան խնդրի, հայ-թուրքական արձանագրությունների մասին։ Սա առիթ է հասկանալու, թե ինչպես կարող ենք հզորացնել կապը Ամերիկայի և Հայաստանի միջև»,- ասաց Չուլջյանը:

Ավելի վաղ Սենատում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայամետ օրենսդիրները մի քանի անգամ հետաձգել ու անգամ արգելափակել են Հայաստանում ու Թուրքիայում Սպիտակ տան ղեկավարի առաջադրած թեկնածուների նշանակումը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիճահարույց հայտարարությունների ու մերժելի դիրքորոշման համար:

«Ես արդեն ասել եմ Ռիկին, որ եթե Հայաստանում դեսպանի նրա թեկնածությունը հաստատվի, նա կստանա աշխարհի լավագույն աշխատանքը»,- այսօր Թվիթերում գրել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ով այդ պաշտոնն է զբաղեցնում 2011 թվականից:

Ի դեպ, առաջիկայում Վաշինգտոնը նոր դեսպաններ գործուղելու նաև Ադրբեջան, Թուրքիա և Ռուսաստան: Երեկ, մասնավորապես, Բարաք Օբաման առաջադրել էր Ջոն Թեֆթի թեկնածությունը՝ Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, նախօրեին էլ առաջարկել էր Ռոբերտ Սիքյութայի թեկնածությունը՝ Ադրբեջանում, իսկ ավելի վաղ՝ Ջոն Բասսին Թուրքիայում։

Վերլուծաբանները հատկանշական են համարում, որ Ադրբեջանում առաջադրված Սիքյութան Միացյալ Նահանգների էներգետիկ ոլորտի փորձառու պաշտոնյաներից մեկն է, իսկ Ռուսաստան մեկնել պատրաստվող Թեֆթը ավելի վաղ դեսպան է աշխատել Վրաստանում, Ուկրաինայում և կուլիսներում հայտնի է որպես «հեղափոխությունների վարպետ»:

Խնդրահարույց է Թուրքիայում Բարաք Օբամայի առաջադրած դեսպանի՝ պետքարտուղար Ջոն Քերրիի հատուկ օգնական Ջոն Բասի թեկնածությունը։ Թուրքական թերթերը գրում են, որ վերջինիս ծանր փորձություն է սպասում հայամետ Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ գործող Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նշենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի նշանակման շուրջ քննարկումները, ըստ Հայ դատի հանձնախմբի, կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ, որին կհետևեն Ադրբեջանում, ապա Հայաստանում կատարված առաջադրումների քննարկումները:

«Ներկայումս կկենտրոնանանք անշուշտ Թուրքիայի դեսպանի լսումների վրա, որ տեղի պիտի ունենան հուլիսի 15-ին, Ադրբեջանի թեկնածուն էլ է հայտարարված, դա էլ էլ մոտ ապագայում տեղի կունենա, ապա` Հայաստանը»,- ասաց Չուլջյանը:

XS
SM
MD
LG