Մատչելիության հղումներ

Կրեմլի համաձայնությունը «հեղափոխությունների վարպետի» թեկնածությանը մեկնաբանությունների տեղիք է տվել:

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան կնշանակվի դիվանագետ Ջոն Թեֆթը, ով նախկինում դեսպան է եղել Վրաստանում և Ուկրաինայում։

Հիշեցնենք՝ Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլը փետրվարին թողել է այդ պաշտոնը, որը զբաղեցնում էր 2011 թվականից։

Ռուս փորձագետները Թեֆթին համարում են «նարնջագույն հեղափոխությունների» մեծ վարպետ։

Երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կրեմլը տվել է իր համաձայնությունը, և ուրեմն՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թեֆթի թեկնածությունը պետք է ներկայացնի Սենատում։

Լրագրողների հարցին, թե իրեն չի՞ մտահոգում, որ Թեֆթն ունի ագրեսիվ դիվանագետի համբավ և այնքան էլ լոյալ չէ Ռուսաստանի նկատմամբ, Ուշակովը պատասխանել է․ - «Անձամբ եմ ճանաչում Թեֆթին և նրան բարձրակարգ ու արհեստավարժ դիվանագետ եմ համարում։ Թե ինչպես է Թեֆթն իրեն դրսևորել Վրաստանում և Ուկրաինայում՝ քաջ հայտնի է, և սա ես առանց մեկնաբանության եմ թողնում»։

Ավելի վաղ Թեֆթի թեկնածությանն էր անդրադարձել նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը՝ ընդգծելով, թե կարևորն այն է, թե ինչ առաքելությամբ է Թեֆթը Մոսկվա ժամանելու։ «Նա փորձառու դիվանագետ է, որ երկար տարիներ աշխատել է մեր տարածաշրջանում, իսկ նման մասնագետները Միացյալ Նահանգներում այնքան էլ շատ չեն», - ասել էր Չուրկինը։

Ռուսական մամուլը գրում է, որ Կրեմլը, փաստորեն, իր համաձայնությունն է տվել հեղափոխությունների վարպետ համարվող Ջոն Թեֆթի թեկնածությանը, ինչն էլ վկայում է, որ պաշտոնական Մոսկվան չի ուզում ավելի վատացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Դեռևս 2009 թվականին ուկրաինական «Сегодня» թերթին տված հարցազրույցում ամերիկացի դիվանագետն ասել էր, որ ինքը հակառուսական գործիչ չէ և պարզապես ուզում է, որպեսզի հետխորհրդային տարածաշրջանում բոլորը սովորեն ապրել և շփվել միմյանց հետ՝ հարգելով մեկը մյուսի ինքնիշխանությունը։

Ի դեպ, Ջոն Թեֆթը ոչ միայն փորձառու և արհեստավարժ դիվանագետ է, այլև բավական լավ է երգում։ Տարիներ առաջ, օրինակ, նա երգել է վրացական հեռուստաընկերություններից մեկի եթերում։

XS
SM
MD
LG