Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարությունը վերացրել է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման արգելքը


Աֆրիկյանների շենքը Երևանում, արխիվ

Աֆրիկյանների շենքը Երևանում, արխիվ

Նախարարությունը գրություն է ուղարկել Ոստիկանությանը, որը առանց այդ էլ չէր կանխում փաստորեն ապօրինի աշխատանքները:

Վերջին խոչընդոտը վերացված է Աֆրիկյանների շենքը հողին հավասարեցնելու համար: Մշակույթի նախարարությունը վերացրել է ապամոնտաժման արգելքն ու համապատասխան գրություն ուղարկել Ոստիկանությանը, որը չնայած առանց այդ գրության էլ չէր կանխում ապամոնտաժման փաստորեն ապօրինի աշխատանքները:

Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Սկզբնական շրջանում «Միլենիում քոնսթրաքշն»-ի հետ պայմանավորվածություն կա, և դա պահանջ էր ավելի ճիշտ, որ նա ներկայացնի մեզ ապամոնտաժման օրը, ինչպես նաև ապամոնտաժվող քարերի պահեստավորման վայրը: Այդտեղ խնդիր կար մի հատ, որովհետև «Միլենիում քոնսթրաքշն»-ը ուզում էր նաև իր տարածքում դա աներ, բայց քանի որ նոր տարածքում «Գլենդել հիլզ»-ն է վերականգնում, «Գլենդել հիլզ»-ի սեփականության իրավունքով պատկանող տարածքում է հիմա տեղափոխվում: Այսինքն՝ հուշարձանի քարերը երկու անգամ չեն տեղափոխվում: Էդ մի խնդիրը կար, որով որ կանգնեցվել էր մի շաբաթվա չափ, որովհետև մեզ չէին տեղեկացրել»:

«Մյուս կողմից, երբ որ նրանք մեզ դա ներկայացրին, որ «մենք արդեն սկսում ենք ապամոնտաժումը», վերահսկողությունը իրականացնելու համար՝ էդ թղթերը մեզ դրա համար էր պետք, որ միշտ գալիս ենք էստեղ, որպեսզի վերահսկենք, տեսանք, որ անհրաժեշտ օրենքով սահմանված փաստաթղթերը չկային, այսինքն՝ չկային տեխնիկական հսկողություն, հեղինակային հսկողություն, ամենակարևորը չկար՝ շինվարման մատյան, ապամոնտաժման մատյան, որտեղ որ կոնկրետ և՛ հեղինակը, և՛ տեխհսկիչը, և՛ շահագրգիռ մարմինը՝ լիազորված մարմինը, գրառումներ անեին: Հիմա կան արդեն էդ ամեն ինչը, և դրա համար փաստորեն մենք գրությունով, եթե չեմ սխալվում, ներկայացրել ենք, տեղեկացրել ենք Ոստիկանությունը, որ արդեն կա», - շարունակեց Այվազյանը՝ դրական պատասխանելով դիտարկմանը, որ այսինքն՝ արդեն ապօրինի չեն ապամոնտաժման աշխատանքները:

«Կարծում եք, որ նպատակայի՞ն է՝ սկզբից քանդել, հետո ստեղծել, գուցե ստեղծեին այդ «Հին Երևան»-ը․․․», - այս հարցին էլ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պաշտոնյան արձագանքեց․ - «Նպատակային չեմ կարող ասել, բայց ես նույնպես մտահոգված եմ այդ հարցով և հասկանում եմ, որովհետև արդեն ութ տարի է անցել, ինչ այդ «Հին Երևան»-ի մասին խոսվում է, մենք հասկանում ենք, որ տարածքը ազատելու, ինչպես ասում են՝ բեռնաթափելու համար դատական պրոցեսներ են գնում, դրա համար նույնպես ժամկետներ են տրված՝ երեք տարի, նախագծի համար՝ մի տարի, թող երկու տարի լինի, վեց տարվա մեջ առնվազն մենք արդեն պետք է ունենայիքն նախագիծ, բայց մինչ օրս Մշակույթի նախարարությանը պաշտոնապես նախագիծ չի ներկայացվել»:

XS
SM
MD
LG