Մատչելիության հղումներ

Չնայած աշխատանքը դադարեցնելու մասին գրությանը, Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը շարունակվում է


Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթով այսօր ապամոնտաժվող կառույցի մոտ էր եկել Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցը:

«Միլենիում քոնստրաքշն» ընկերության տնօրեն Թադևոսյանին հասցեագրված գրությամբ գործակալությունը հայտնում է, որ տեղում շինարարների ներկայացրած փաստաթղթերը թերի են: Ուստի գործակալությունն անհրաժեշտ է համարում անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները մինչև համապատասպան փաստաթղթերի առկայության ապահովումը:

Բանվորները, սակայն, շարունակում էին ապամոնտաժման աշխատանքները: Շենքի մոտ գտնվող ակտիվիստները երթով գնացին Մշակույթի նախարարություն` հանդիպում պահանջելով նախարարի հետ: Ո'չ նախարարը, ո'չ էլ գերատեսչության որևէ պաշտոնյա չարձագանքեցին նրանց պահանջին:

Փոխարենը Աֆրիկյանների շենքի մոտ եկավ Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանը: Սակայն, ապամոնտաժողներից մեկի հետ բանակցելուց հետո նա այդպես էլ հստակ պատասխան չտվեց` դադարեցվե՞լ են աշխատանքները, թե՞ ոչ:

Ակտիվիստները, մինչդեռ, վերադարձան շենքի մոտ ու շարունակեցին իրենց բողոքի ակցիան:

Ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու համար հիմք է ոչ միայն գործակալության փաստաթուղթը, այլև անցած ուրբաթ օրը դատարան ներկայացված Հայաստանի հելսինկյան կոմիտեի և «Ուրբան լաբ» քաղաքաշինական հասարակական կազմակերպության համատեղ հայցադիմումը, որով վիճարկվում են Աֆրիկյանների շենքի օտարման և տեղափոխման մասին Կառավարության ու Երևանի քաղաքապետարանի որոշումները:

«Դատարան ներկայացրել ենք նաև հավելյալ միջնորդություն, որպեսզի կասեցնեն գործընթացները: Այսինքն` հայցի ապահովման միջոց ենք խնդրել դատարանից, որպեսզի կասեցնեն քանդման պրոցեսը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան Անի Վարդանյանը:
XS
SM
MD
LG