Մատչելիության հղումներ

logo-print
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 2 օր առաջ հացադուլ սկսած դատապարտյալներին միանալու մտադրություն են հայտնում այլ դատապարտյալներ ևս, եթե նրանց պահանջը չբավարարվի: Այս տեղեկությունը փոխանցում են դեռ հացադուլ չհայտարարած դատապարտյալների հարազատները:

Վերջին երկու օրերին հացադուլ հայտարարած դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը և Արմեն Կիրակոսյանը, նրանց հարազատների փոխանցմամբ, պահանջում են պայմանական վաղաժամկետ ազատելու իրենց դիմումներին դրական լուծում տալ, ոչ թե անհիմն մերժել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից «Ազատության» հարցերին ի պատասխան գրավոր պարզաբանեցին, որ ըստ «Արթիկ» հանձնաժողովի եզրակացության, 3 դատապարտյալի մերժելու համար հիմք են հանդիսացել «ռիսկայնության աստիճանը, գնահատման արդյունքները եղել են միջին, ուղղման գործընթացը դրական ընթացք չի ունեցել»:

Քրեակատարողական վարչությունը նշում է նաև, որ հանձնաժողովը հաշվի է առել «կատարված արարքի վտանգավորության աստիճանը, պատիժը կրելու ընթացքում դրսևորված վարքագիծը և ագրեսիվության միջին ցուցանիշը, իսկ դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանի և Կարեն Փայտյանի դեպքում՝ նաև նախկինում ունեցած տույժերը»:

«Արթիկ» ՔԿՀ-ի երեք դատապարտյալներն էլ հիմնարկի վարչական հանձնաժողովի պատասխանը բողոքարկել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և հունիսի 5-ի դրությամբ դատապարտյալ Արմեն Կիրակոսյանի բողոքը մերժվել է։ Դատարանը հանձնաժողովի որոշումը համարել է հիմնավոր:

Դատապարտյալները բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և պնդել, որ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովն անհիմն որոշում է կայացրել: Պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը մեկնել է Արթիկ, հանդիպել է հացադուլ հայտարարած անձանց:

«Երեքն էլ դժգոհել են պայմանական վաղաժամկետ ազատումը մասին եզրակացություններից, նշել են, որ իրենց վարքագիծը համապատասխանում է պայմանական վաղաժամկետ ազատելու համար պայմաններին։ Նրանց ինքնազգացողությունը նորմալ է, դեռևս խնդիրներ չկան»,- «Ազատությանը» փոխանցեց արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանը։

Ավազակային հարձակման համար 2011 թվականին 6.5 տարվա ազատազրկման դատապարտված 25-ամյա Արմեն Կիրակոսյանի քույրը «Ազատությանը» փոխանցեց, որ եղբայրը երիկամների սուր հիվանդություն ունի, ազատազրկման ժամանակահատվածում տույժեր կամ վարչակազմի հետ որևէ խնդիր չի ունեցել։ Նատալյա Կիրակոսյանը չընդունեց քրեակատարողական հիմնարկների վարչության պարզաբանման մեջ նաև իր եղբորը վերագրվող «ագրեսիվության վարքագծի» մասին նշումը:

Հացադուլ հայտարարած Արմեն Կիրակոսյանը դատապարտվել է բենզալցակայանի վրա հարձակման հետևանքով 86 հազար դրամ հափշտակելու համար: Նա զղջացել է կատարած արարքի համար, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ: Այս պայմաններում պատժի հետ կապված եղբոր խնդրանքն անպատասխան թողնելը Նատալյա Կիրակոսյանին ենթադրությունների տեղիք է տալիս։

«Չգիտեմ, երևի գումար են պահանջում, բայց դեռ չեն ասել։ Հովանավորներ չունենք, ծանոթներ չունենք»,- ասաց դատապարտյալի քույրը։

Փաստաբան Հայկ Ալումյանն «աղաղակող անարդարություն» որակեց ավազակային հարձակման համար դատապարտվածների դիմումները մերժելն այն դեպքում, երբ, օրինակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Մայիս Խաչատրյանը դատապարտվել էր մարդասպանության համար, սակայն պատիժը կրել էր ընդամենը 1.5 տարի:

Հայկ Ալումյանն ասաց, որ նման իրավիճակը չի կարող համարվել հանդուրժելի։

«Այսպես շարունակվել չի կարող»,- նշեց փաստաբանը և կարծիք հայտնեց, որ անարդարության համատարած դրսևորումները ի վերջո կարող են մի օր առաջացնել պայթյուն: Պարզապես, փաստաբանի խոսքով, դժվար կլինի կանխատեսել, թե կոնկրետ որ դեպքը կարող է պայթյունի համար հանդիսանալ կայծ:
XS
SM
MD
LG