Մատչելիության հղումներ

Մեղադրական եզրակացություն. Բուդաղյանը ցանկացել է «վախեցնել» Սուրիկ Խաչատրյանին


Մեղադրական եզրակացություն. Բուդաղյանը ցանկացել է «վախեցնել» Սուրիկ Խաչատրյանին
please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00

Գորիսի արյունալի միջադեպի գործը մտավ դատարան։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ անցած տարվա հունիսին տեղի ունեցած արյունալի միջադեպի գործն ուղարկվել է դատարան։

Միակ մեղադրյալը նախկին մարզպետի որդու և թիկնապահի կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է՝ Արտակ Բուդաղյանը, ում սպանության սպառնալիք հնչեցնելու մեղադրանք է առաջադրված։

Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններում հանցակազմի մասին խոսք չկա, նրանք սեպտեմբերից ազատված են քրեական հետապնդումից, իսկ ահա Արտակ Բուդաղյանի գործողությունները մեղադրական եզրակացության մեջ այսպես են նկարագրված. Նա նպատակ է ունեցել «վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում», դրա համար էլ հունիսի 1-ի գիշերը իր ՎԱԶ 21 06 մակնիշի մեքենայով գնացել է Խաչատրյանների առանձնատան մոտ, որսորդական հրացանը ձեռքին իջել մեքենայից և սպանության սպառնալիքներ հնչեցնել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Իսկ թե ինչո՞ւ է Արտակ Բուդաղյանը որոշել վախեցնել նախկին մարզպետի ընտանիքին՝ հիմնավորվում է այսպես. եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը մինչ այդ նրան տեղեկացրել է, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծել են։

Բուդաղյանների փաստաբանը՝ Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում սա որակեց նախկին մարզպետի որդու ու թիկնապահի գործողություններն արդարացնելու ծրագրի շարունակությունը։

«Հատուկ նպատակ չկա Արտակ Բուդաղյանին պատժելու, բայց որպեսզի Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի և որդու վիճակը բարելավվի, ընտրվել է այս ճանապարհը՝ ստեղծել արհեստականորեն մի պատկեր, երբ զոհերը Սուրիկ Խաչատրյանն ու նրա հարազատներն են, իսկ հարձակվողները, չարագործները՝ երկու եղբայրները»,- նշեց փաստաբանը.- «Ի սկզբանե նպատակը դրվել է, մինչև հիմա առաջադրանքը կատարվում է դատախազության և ՊՆ քննչական ծառայության կողմից բարեխղճորեն»։

Հիշեցնենք, միջադեպին նախորդել էր հայտնի ճաշկերույթը Գորիսում Սյունիքի նախկին մարզպետի, Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ավետիք Բուդաղյանի մասնակցությամբ. այնուհետև սպանվածի իրավահաջորդների պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի մեջ բռնություն էր գործադրվել Բուդաղյանի նկատմամբ, ինչն էլ կեսգիշերին ավարտվեց ողբերգությամբ։ Հետո Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը սպանության ու ապօրինի զենք կրելու մեղադրանքներով ձերբակալվեցին, բայց ընդամենը երեք ամիս անց տեղի ունեցածը որակվեց «անհրաժեշտ պաշտպանություն» և նրանք ամբողջությամբ ազատվեցին քրեական պատասխանատվությունից։

«Նախաքննությունը պատասխանեց բոլոր հարցերին, բայց բոլոր հարցերին պատասխանեց սխալ»,- ասաց Հայկ Ալումյանը.- «Երբ ծույլիկ աշակերտին գրատախտակի մոտ են կանչում, անպայման չէ, որ ինքը չպատասխանի, մեկ-մեկ պատասխանում է, բայց սխալ է պատասխանում։ Հիմա ես այս պարագաներում մեր նախաքննական մարմնի պատասխանները մոտավորապես հենց էդպես՝ «անբավարար» կգնահատեի։ Ուրեմն ներկայացնում են այսպես. մի եղբայրը կյանքի սպառնալիքներ է տվել նրանց, սպառնացել է, որ սպանելու է, բնաջնջելու է, մյուս եղբայրը կրակել է նրանց վրա, և նրանք ստիպված պաշտպանվելով կրակել են եղբայրների վրա։ Տեսանյութը նայեք և տեսեք, իրականությունը տրամագծորեն հակառակն է»։

Այս ֆոնին փաստաբանը պատահական չհամարեց Գորիսում ծեծի վերջին շաբաթվա աղմկահարույց միջադեպը, որի հետ կապվում է Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու անունը։

«Անպատժելիությունն է իրենց բերել այսօրվա քայլերին, այս անպատժելիությունն էլ հետագա քայլերի է բերելու, ու ոչ ոք չգիտի՝ հաջորդ զոհը ով է լինելու»,- ասաց Ալումյանը։

«Ազատության» զրուցակից իրավապաշտպանների համար տարօրինակ էր Արտակ Բուդաղյանի գործով մեղադրական եզրակացության այն ձևակերպումը, որ նա նպատակ է ունեցել «վախեցնել» նախկին մարզպետին, նրա ընտանիքի մոտ առաջացնել «տագնապի զգացում»։ Այսինքն ստացվում է, որ տագնապից դրդված են կրակել Բուդաղյանների վրա։

«Շատ հետաքրքիր է նման մտածելակերպը, որովհետև նույնիսկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Վերնիսաժի դեպքերի հետ կապված ասաց՝ ինքն էլ լիներ, կկրակեր։ Այսինքն կրակելու, զենք օգտագործելու, սպանելու վարքագիծը շատ բնորոշ է իշխանության ներկայացուցիչներին, և իրենք ուղղակի այդ վարքագծով ցույց են տալիս, որ գոյություն ունի միայն մեկ խոսելու ձև քաղաքացու հետ իրենց կողմից՝ դա ուժի գործադրումն է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ հակառակը, ողջ Զանգեզուրն է տագնապի զգացում ունենում Սուրիկ Խաչատրյանին կամ նրա գերդաստանից որևէ մեկին տեսնելիս, հաշվի առնելով նրանց, իր բնորոշմամբ, «սխրագործությունները». ինչպե՞ս կարող էին Խաչատրյանները վախենալ կամ տագնապել Բուդաղյաններից։

«Նրանք տագնապող ընտանիք չեն, դա լկտիություն է, թե պատկերացրեք ոնց են համարձակվել այդ մարդիկ իրենց նվաստացնելուց գան ինչ-որ հարցեր պարզելու։ «Էդ էիք ուզո՞ւմ, դե կերեք». այ սա է, ոչ թե տագնապի զգացում։ Սա ցինիզմի և լկտիության զգացում է, ոչ թե տագնապի։ Այդ մարդիկ տագնապի զգացում չունեն, այդ մարդիկ ունեն իշխելու, նվաստացնելու, սպանելու զգացում»,- ասաց իրավապաշտպանը։
XS
SM
MD
LG