Մատչելիության հղումներ

Կառավարությունը 60 միլիոն դրամ հատկացրեց ԵԿՄ-ին


Սա իշխանությունների առաջին այսպիսի շռայլ նվերը չէ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորած միությանը:

Կառավարությունն այսօրվա նիստում 60 միլիոն դրամ նվիրեց Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ)։

Կառավարության որոշման համաձայն՝ պետական բյուջեից այդ գումարը հատկացվում է «ԵԿՄ-ի «Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով»։

Սա իշխանությունների առաջին այսպիսի շռայլ նվերը չէ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորած միությանը: Այս փետրվարին կառավարությունը 50 միլիոն դրամ հատկացրեց Երևանի Հալաբյան փողոցում գտնվող ու Երևանի ֆիզիկայի ինստիտուտին պատկանող ավելի քան 275 քառակուսի մետր տարածքը գնելու և այն ԵԿՄ-ին նվիրաբերելու համար:

Այսօր գործադիրի նիստում ԵԿՄ-ին 60 միլիոն դրամ նվիրելու առաջարկությամբ հանդես եկավ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Ազատության» հետ զրույցում նախարարն ասաց, թե ծրագիրը նպատակ ունի աշակերտների շրջանում խրախուսել ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Աշոտյանին հիշեցրեցինք՝ անցած նախագահական ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հրապարակավ սատարեց Սերժ Սարգսյանին: Երկրապահների վերջին համագումարում այդ աջակցությունը վերահաստատվեց, երբ Մանվել Գրիգորյանը, Սերժ Սարգսյանի կոչելով «վերջին բոլշևիկ», հայտարարեց, թե ԵԿՄ-ն նրա մեջքին է կանգնած:

«Ինչպե՞ս կարձագանքեք հնչող քննադատությանը, թե այսպիսով իշխանությունները վարձահատույց են լինում ԵԿՄ-ին»,- հարցրեցինք Աշոտյանին:

«ԵԿՄ-ում մեր պետությունը պահած, ռազմաճակատում իրենց արյունը թափած, մեր անկախությունը նվաճած մարդիկ ենք հավաքված, հետևաբար խոսել ԵԿՄ-ի մասին քաղաքական կատեգորիաների մեջ, խոսել ԵԿՄ-ի մասին ֆինանսատնտեսական գործունեության առանձնահատկություններից ելնելով մեզ համար անթույլատրելի է այն տեսակետից, որ մենք բոլորս այսօր ունենք հատկապես ուսումնական հաստատություններում ժամանակակից հայ դաստիրակելու խնդիրը»,- ասաց նախարարը։

«ԵԿՄ-ն դարձել է այսօրվա իշխանություններին կցորդ մի կառույց, որն իրականացնում է նրանց ծրագրերը, հետևաբար չեմ զարմանում, որ իշխանությունները առատորեն նրանց ֆինանսավորում են»,- «Ազատությանը» փոխանցեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի հանձնախմբի» համակարգող, ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Սարուխանյանը:

Այս նվիրատվությունների ֆոնին Սարուխանյանը հիշեցրեց՝ բազմաթիվ ազատամարտիկներ ավելի քան մեկ տարի պայքարում են իրենց սոցիալական խնդիրների լուծման համար, սակայն ապարդյուն:

«Երիտասարդին հարց ես տալիս՝ «հանկարծ հայրենիքդ վտանգի մեջ լինի, կգնա՞ս պաշտպանելու», ասում է՝ «իհարկե, ոչ, որովհետև ձեզ նման պիտի սոված սատկեմ»։ Սրանից մեծ քարոզչական աշխատանքը ո՞րն է։ Ձևական փոխանցում են, ինչ-որ բաներ են կազմակերպում։ Եթե պետությունը նորմալ հիմքերի վրա դրված լիներ, իհարկե, այդ գումարները տեղին կլինեին։ Այդ գումարները կարծես ծախսվում են «գալոչկայի» համար, բայց այդ նույն երիտասարդը դուրս է գալիս փողոց, տեսնում է, թե ինչպես է ազատամարտիկը կտրած ոտքով փող հավաքում»,- ասաց Սարուխանյանը։
XS
SM
MD
LG