Մատչելիության հղումներ

Հանձնարարվել է կրկնապատկել կանաչապատման ծավալները


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ:

Մարգարյանը, ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության, ասել է, որ 2014-ին պետք է կրկնապատկվեն կատարած աշխատանքների ծավալները։

Խորհրդակցության մասնակիցներին քաղաքապետը հանձնարարել է կանաչապատման նախագծերը համաձայնեցնել նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայների հետ, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ցուցաբերվի միասնական մոտեցում: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով հանձնարարվել է նաև հաշվի առնել Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ։

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, բնապահպանական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընդլայնել Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու ուղղությամբ տարվող համալիր աշխատանքների ծավալները: Բացի այդ, քաղաքապետը նաև հանձնարարել է խստորեն վերահսկել ապօրինի ծառահատումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու խախտողների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ պատժամիջոցները:

Հանդիպման շրջանակում ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել է 2014թ. ծրագրով նախատեսված կանաչապատման գործընթացը: Ըստ այդմ, ընթացքի մեջ են ծառերի էտման ու սիզամարգերի թարմացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ արդեն առաջիկա օրերին երևանցիները հնարավորություն կունենան վայելելու շուրջ 600 հազար բազմերանգ կակաչների ծաղկունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG