Մատչելիության հղումներ

Նոր մարզչի նպատակը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալն է


Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչին՝ Բեռնար Շալանդին:

Նախքան ներկայացնելը, ՀՖՖ նախագահը մարզչին իր ազգանունով մարզաշապիկ նվիրեց, վերջինս, սակայն, նկատեց, որ շապիկի վրա իր ազգանունը սխալ է գրված:

Ինչ վերաբերում է մարզչի ընտրությանը՝ Հայրապետյանը ասաց, որ 49 թեկնածուների հետ են բանակցել և առանց շտապելու ընտրել Շալանդին։

Ռուսաստանի հետ օրերս կայացած խաղը Վարդան Մինասյանի ղեկավարությամբ վերջինն էր, հաջորդ խաղերին ամեն ինչ կլինի Շալանդի ձեռքում։ Ինքը՝ Շալանդը այսօր ասաց, որ վերջին խաղից դժգոհ է, քանի որ մեր հավաքականի տղաները մրցակցից 6 կիլոմետր քիչ են վազել, ինչը բացասական ազդեցություն է ունենում խաղի վրա։ Ասաց, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականի խաղերը դիտել է և վստահ է, որ խմբից դուրս գալու շանսեր ունեինք։ Այժմ հավաքականի խնդիրը Եվրոպայի առաջնությանը մասնակցելն է լինելու, Շալանդը փորձելու է բարձրացնել ֆուտբոլիստների մոտիվացիան, չնայած վստահ է, որ նրանք դրա պակասը չունեն։

«Ես եկել եմ այստեղ ոչ թե պարզապես աշխատելու համար, ես եկել եմ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, դա իմ առաջնային խնդիրն է», - նշեց նոր մարզիչը:

Ամբողջ ասուլիսի ընթացքում Շալանդը հավաքականի մասին «մենք»-ով էր խոսում և ասում, որ պետք է ֆուտբոլիստներին ավելի ուժեղ դարձնել։ Նա նշեց, որ հատկապես ուշադրություն է դարձնելու պաշտպանությանը, պետք է թիմային խաղ ցուցադրել, ասաց, որ հարձակվողները պետք է անհրաժեշտության դեպքում օգնեն պաշտպաններին։

«Ես կարծում եմ՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը մեծ մոտիվացիա կլինի մեր ֆուտբոլիստների համար, ես վստահ եմ, որ մենք կարող ենք, որովհետև այլ կերպ չի լինի: Իհարկե, ունենք Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, բայց միայն թիմով և թիմային աշխատանքով կարող ենք հասնել նպատակին, դա է իմ աշխատանքը», - վստահեցրեց նա:

Նոր մարզիչը պատմեց, որ առաջին անգամ մեր հավաքականի խաղը դիտել է պատահականորեն՝ հեռուստացույցի ալիքները փոխելիս։ Անակնկալի է եկել, երբ տեսել է, որ Հայաստանի հավաքականը Իտալիայի թիմին հաղթում էր հենց Իտալիայում։ Եվ երբ դրանից որոշ ժամանակ անց մեր հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել, միանգամից համաձայնել է։

Ասուլիսի ընթացքում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դժգոհեց, որ լրագրողները ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում։ Ի դեպ, ավելի վաղ Հայրապետյանը հայտարարել էր, որ Շալանդը հավաքականի ուսումնասիրություն էր կատարել, որը ներկայացնելուց հետո էլ փաստորեն, որոշել էին հավաքականը նրան վստահել: Մեր այն հարցին, թե դա ինչ ուսումնասիրություն էր, Հայրապետյանը այսպես պատասխանեց՝ «լուպայով, լուպաները գիտեք, չէ՞, այ դրանով ուսումնասիրել է»:
XS
SM
MD
LG