Մատչելիության հղումներ

logo-print
Ստեփանակերտում շտապում են ուսումնասիրել Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում ստեղծվելիք հնարավորությունները. առաջիկայում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների միջև ստեղծվելու է աշխատանքային խումբ, որն զբաղվելու է այդ գործով:

«Ինչ կարգավիճակում է լինելու Ղարաբաղը Մաքսային միության հետ՝ այդ հարցը դեռ չի քննարկվել, բայց մի բան գիտեմ, որ մաքսակետ՝ առանձին մաքսային սահման Արցախը չի ունենալու: Համոզված եմ, որ որևէ փոփոխություն չի կրելու Արցախը տնտեսական ինտեգրացիայի առումով այսօրվա իրավիճակից, լինելու ենք նույն կարգավիճակում Հայաստանի հետ միասին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը՝ հավելելով․ - «Այլ ուժեր, որպես սահմանապահներ, չեն լինելու: Պարսկաստանի և Ադրբեջանի հետ մեր անվտանգությունը մենք ապահովելու ենք Արցախի պաշտպանության բանակի ուժերով»:

Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գազային համաձայնագրին: Լրագրողներից մեկը հիշեցրել է վարչապետին, որ ըստ Հայաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև կնքված պայմանագրի, Հայաստանին արգելվում է երրորդ երկիր գազ մատակարարել. Ումի՞ց է Ղարաբաղը գազ գնելու հարցին՝ Արա Հարությունյանը պատասխանել է․ - «Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ Արցախին գազ մատակարարվելու է արտոնյալ գներով»:

Վարչապետ Արա Հարությունյանը նաև համոզմունք է հայտնել, թե սխալ են բոլոր այն տեսակետները, որ Հայաստանը ռուսական դաշինքին է միացել ՝ ելնելով Ղարաբաղի անվտանգության հարցերից: Արա Հարությունյանը հավելել է, թե ինքը որպես տնտեսագետ համոզված է՝ Եվրոպայի հետ համագործակցությունը Հայաստանին կտաներ փակուղի, իսկ ահա Ռուսաստանի հետ համագործակցության հարթակներն, ըստ նրա, բազմազան են:
XS
SM
MD
LG