Մատչելիության հղումներ

Արգիշտի Կիվիրյանի գործը երկրորդ անգամ ուղարկվեց դատարան


Թեև Հատուկ քննչական ծառայությունը երկու շաբաթ առաջ ավարտել էր Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը, այսօր Կիվիրյանը դարձյալ հրավիրել էր քննչական մարմին:

Մոտ մեկ ժամ այստեղ անցկացնելուց հետո իրավապաշտպանը փոխանցեց, որ նախաքննությունը վերսկսվել է, և որոշ ճշգրտումներից հետո այսօր երկրորդ անգամ գործն ուղարկվել է դատարան։

««Տուժող» ոստիկանների ցուցմունքներում առկա էին էական հակասություններ, և որպեսզի փորձեն դզմզել այդ հակասությունները, նորից վերսկսել էին այդ գործի վարույթը, կանչել այդ ոստիկաններին հարցաքննության։ Նրանք այս անգամ բացատրել էին, թե ինչու այն ժամանակ պատահաբար խառնել են գործողությունների հերթականությունը և հիմա իրենք ճիշտը հիշում են»,- փոխանցեց Կիվիրյանը։

Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և սուտ մատնության մեջ, որը վերաբերում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելուն: Ամռանը Կոմիտաս 5 շենքի բնակիչներին աջակցություն հայտնած իրավապաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, թե բաժին տանելիս ոստիկանական մեքենայի մեջ իր նկատմամբ բռնություններ են գործադրվել, մինչդեռ այսօր ինքն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: Իրավապահները պնդում են, որ Կիվիրյանն ինքն է իրեն վնասել՝ գլխով խփելով մեքենայի դռանը։

«Ըստ ՀՔԾ-ի հեքիաթի՝ ես հերիք չէ բռնություններ եմ իրականացրել այդ ոստիկանի նկատմամբ, ծեծելով երեք ոստիկանի տանել Արաբկիրի ոստիկանական բաժին և ճանապարհին էլ ինքս ինձ վնասել եմ։ Այսինքն նման աբսուրդ վարկած կարող է ծնվել միմիայն Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններում»,- ասաց նա։

Կիվիրյանի փաստաբանի խոսքով՝ քրեական գործի փոխարեն ականատեսն ենք հաշվեհարդարի. Լուսինե Սահակյանն ասում է՝ ոստիկանների ցուցմունքները անգիր արած դաս են հիշեցնում՝ լրացնելով ծայրից ծայր սարքված գործը: Փաստաբանը մտադիր է միջնորդություն ներկայացնել նախաքննական մարմնին՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը։

«Մենք բազմաթիվ ապացույցներ ունենք, որոնցով կհիմնավորենք, որ ոստիկանները սուտ ցուցմունք են տալիս, որ Արգիշտի Կիվիրյանին ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրված և այս ամբողջը նրա քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար»,- ասաց փաստաբանը։

Որպես խափանման միջոց Կիվիրյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: Չորս վարչական գործ էլ Կիվիրյանին դատարանում է սպասում, իրավապահները ցանկանում են պատասխանատվության ենթարկել ակտիվիստին՝ տարբեր ակցիաների ժամանակ վրան բացելու կամ, օրինակ, փողոցը փակելու համար։

«Ես հասկանալով, որ ոչ թե գնում է գործի քննություն, այլ գնում է գործ սարքել, հրաժարվել եմ մասնակցել այդ խեղկատակությանը։ Պատվեր իջեցնողները, տվյալ դեպքում Հայաստանի իշխող քրեաօլիգարխիկ ռեժիմը փորձում է մեկ օր առաջ գործը մուտք անել դատարան և ստանալ մեղադրական դատավճիռ»,- ասաց Կիվիրյանը։
XS
SM
MD
LG