Մատչելիության հղումներ

logo-print

Կիվիրյանի գործով նախաքննությունը ավարտվեց


Արգիշտի Կիվիրյանը Հայաստանի ոստիկանության շենքի մոտ ակցիայի ժամանակ, օգոստոս, 2013թ․

Արգիշտի Կիվիրյանը Հայաստանի ոստիկանության շենքի մոտ ակցիայի ժամանակ, օգոստոս, 2013թ․

Իրավապաշտպան ակտիվիստը միանշանակ է համարում, որ «իշխանությունները ցանկանում են մեկ վայրկյան առաջ այս գործը ուղարկել դատարան»:

Չորեքշաբթի օրը իրավապաշտպան ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության, որը տևեց 4 ժամ։ Արդեն ուշ երեկոյան ՀՔԾ-ից դուրս գալով՝ նա հայտնեց, որ իր դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

«Այս կարգի շտապողականությամբ քրեական գործի ավարտ երևի չի եղել վերջին տասը տարվա մեջ: Միանշանակ է, որ իշխանությունները ցանկանում են մեկ վայրկյան առաջ այս գործը ուղարկել դատարան, որպեսզի փորձեն կայացնել իմ դեմ մեղադրական դատավճիռ», - լրագրողների հետ զրույցում ասաց Կիվիրյանը:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Արգիշտի Կիվիրյանը բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ և կատարել սուտ մատնություն։ Մեղադրողը պնդում է, որ օգոստոսի 25-ին, երբ Կիվիրյանին Կոմիտաս 5-ից տարել են Ոստիկանության բաժին, նա մեքենայի մեջ բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, ապա ավելի ուշ հայտնել Ոստիկանությանը, որ իր նկատմամբ են բռնություն գործադրել։

«Ներկա ոստիկանները զգացվում էր, թե ինչ պատրաստվածությամբ փորձում էին ներկայացնել այդ իրենց կեղծարարությունը: Հայտարարում էին, որ ես նրանցից մեկին խփել եմ, կծել եմ, հետո ինքս ինձ վնասել եմ ոստիկանական ավտոմեքենայի մեջ՝ գլուխս հարվածելով դռանը», - պատմեց իրավապաշտպանը:

Ըստ Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանի՝ նախաքննությունն արդար չկատարվեց, քանի որ Կիվիրյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման իր ցուցաբերած ակտիվության և հայացքների համար։

«Վստահեցին իրենք ոստիկանների տված ակնհայտ ապօրինի և սուտ ցուցմունքներին, այն ոստիկանների, որոնք իրենք բռնություն էին գործադրել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ», - ասաց փաստաբանը՝ շարունակելով․ - «Նույնիսկ Եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներում նշում է, որ նախաքննական մարմինը պարտավոր է բազմակողմանի քննություն կատարել և չվստահել միայն ոստիկանների ցուցմունքներին: Հայաստանի Հանրապետությունը դեռևս պատրաստ չէ այդ նախադեպերին հետևել»:

Նախաքննության ընթացքում կատարված փորձաքննությունը հաստատել է, որ օգոստոսի 25-ին Կիվիրյանի ստացած այն վնասվածքները, որոնք արձանագրվել են փորձաքննության կողմից, կարող էին առաջանալ ինքնավնասման ճանապարհով։

«Կային մարմնական վնասվածքներ, որոնք փորձագետները չեն արձանագրել, որովհետև, ինչպես գիտեք, ուշ նշանակվեց փորձաքննությունը, երբ որ նրա բազմաթիվ մարմնական վնասվածքները այլևս առկա չէին, և սա պատահական չէր», - ընդգծեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանն ավելացրեց, որ թեև իրենք գիտեն, որ դատարանը հաստատելու է իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը նույնությամբ, բայց դատարանում իրենք կարողանալու են ապացուցել, որ մեղադրանքն իրական չէ, որովհետև ցանկանում են, որ հասարակությունը վստահ լինի, որ Կիվիրյանը իրականում ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Այժմ Կիվիրյանի դեմ այս քրեական գործից բացի կա ևս 4 վարչական վարույթ։ Նա դեռևս 90-ականներից ակտիվորեն մասնակցում է ընդդիմադիր տարբեր խմբերի հավաքներին․ չնայած 1996 թվականին անգամ ազատազրկվել է, այս տարի իր դեմ սկսված հետապնդումն աննախադեպ է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG