Մատչելիության հղումներ

Մեղադրողը անարժանահավատ է համարում ամբաստանյալների վերջին ցուցմունքները


«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների ցուցմունքները՝ «ոչ արժանահավատ»
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00
«Հարսնաքարի» գործով մեղադրող Արմեն Մարուխյանը ոչ արժանահավատ որակեց ամբաստանյալների վերջին ցուցմունքները:

Մեղադրողը վեց ամբաստանյալների համար այս գործով մյուս մեղադրողի՝ Արթուր Դավթյանի պատժաչափի վերաբերյալ սեպտեմբերին հնչեցրած պահանջը կրկնեց․ 13-ական տարվա ազատազրկում և 100 հազարական դրամի տուգանք ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար:

«Հարսնաքարի» գործով երկրորդ անգամ մեղադրական ճառով հանդես գալու անհրաժեշտությունն առաջացավ, երբ ամբաստանյալները հանդես եկան նոր ցուցմունքներով և դատաքննությունը վերսկսվեց:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, ով քրեական գործի նախաքննական նյութերում հիշատակվել էր որպես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ, մի քանի շաբաթ առաջ ցուցմունք էր տվել, թե միայն ինքն էր հարվածել զինվորական բժիշկ, դեպքից 12 օր անց մահացած Վահե Ավետյանին:

Մյուս ամբաստանյալը՝ Արթուր Բաբլոյանը ցուցմունք էր տվել, թե ինքն էլ հարվածել էր զինվորական բժիշկ Գարիկ Սողոմոնյանին: Իսկ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը ստանձնել էր զինվորական բժիշկ Արտակ Բայադյանին հարվածելու պատասխանատվությունը:

Մեղադրողը վկայակոչեց ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի և Արթուր Բաբլոյանի ցուցմունքների հակասությունները։

«Արթուր Բաբլոյանը նշում է, որ ինքը դեպքի վայրում տեսել է Նորայր Հայրապետյանին, մոտեցել է նրան, այնուհետև միջամտել նրա և Գարիկի վիճաբանությանը, կանգնել նրանց միջև։ Մինչդեռ Նորայր Հայրապետյանն իր ցուցմունքում նշել է, որ Արթուր Բաբլոյանին վիճաբանելիս չի տեսել»,- ասաց մեղադրողը։

Գնահատելով տուժողների՝ դատաքննության սկզբում և վերջերս տված ցուցմունքները, Մարուխյանը հայտարարեց, որ դրանց միջև հակասություններ չկան։

«Իսկ ամբաստանյալների և նախկին, և ներկայիս դիրքորոշումը ընդամենը մտացածին, պատասխանատվությունից խուսափելու նպատակով մշակված պաշտպանական տակտիկա է»,- ասաց նա։

Որքան էլ զարմանալի էր, ամբաստանյալներն ու նրանց հարազատները, որոնք այս գործով մեղադրող Արթուր Դավթյանի՝ սեպտեմբերին ներկայացրած ճառից հետո իրենց վրա ուշադրություն էին հրավիրում բղավոցներով և անգամ ուշաթափության տպավորություն ստեղծելու ջանքերով, այսօր բավականին հանգիստ լսեցին մեղադրողի ճառը, որը նույն խստությամբ պատիժ էր պահանջում:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե ինքը՝ որպես իրավաբան, հակասություններ չի տեսնում ամբաստանյալների ցուցմունքների միջև: Եվ թեև նրա պաշտպանյալը և մյուս երկու ամբաստանյալները իրենց վրա էին վերցրել տուժողներից երեքին միայնակ ծեծելու պատասխանատվությունը, այսօր էլ խոսելով ամբաստանյալների արարքների անհատականացման անհրաժեշտության մասին՝ հանդես եկավ բոլոր ամբաստանյալների շահերից բխող հայտարարությամբ։

«Այս պահին կան ամբաստանյալներ, որոնք վերաբերյալ բացարձակապես որևէ գործողություն չի հիմնավորվել, դրա համար մեղադրողները խուսափեցին նման հանգամանք նշելուց»,- ասաց Սարգսյանը։

Վահե Ավետյանի իրավահաջորդի, ինչպես նաև մյուս տուժողների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը, մեղադրողի այսօրվա ճառը գնահատելով, պնդեց, որ այն, ինչ տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով այսօր ևս, ընդամենը նախապես մշակված սցենարի մի մասն է։

«Սա ընդամենը խաղ է, որի ընթացքում իր դերը կատարեց դատախազությունը՝ փորձելով իր դեմքը փրկել»,- ասաց փաստաբանը։

Տիգրան Եգորյանն վերահաստատեց իր դիրքորոշումը, որ «Հարսնաքարի» գործի այսօրվա պատկերի պատճառը նախաքննության մարմնի գործելաոճն է՝ դատախազների հսկողության պայմաններում։

«Ընդամենը միասնական, իրավաբանության տեսանկյունից տեսանկյունից շատ թույլ մեղադրանք է բերվել դատարան, որը ուղղակի ապահովում է պատրանք խիստ պատժաչափ պահանջելու, բայց դրա հիմքում չկան անհրաժեշտ փաստական հանգամանքներ, որոնք հետագայում թույլ կտան համապատասխան դատավճիռ կայացնել»,- ասաց Եգորյանը։

Հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 18-ին, ճառով պետք է հանդես գա տուժող կողմը:
XS
SM
MD
LG