Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործով կրկին ցուցմունք են տալիս տուժողները


«Հարսնաքարի» գործով դատավարություն, արխիվ

«Հարսնաքարի» գործով դատավարություն, արխիվ

«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստին դատարանի հարցերին պատասխանելով՝ տուժող Էդգար Նիկոյանը հայտարարեց, թե չի հիշում իրեն հարվածներ հասցրածների դեմքերը:

Նիկոյանն ասաց, որ իրեն հարվածել են, երբ մյուս տուժողին՝ Արկադի Աղաջանյանին էր պաշտպանում հարվածներից: Բայց թե ում հարվածներից, Նիկոյանը չասաց՝ պնդելով, թ ե դեմքեր չի տեսել:

Մեղադրող Արմեն Մարուխյանը փորձեց հարցերի միջոցով պարզել, թե վերջին նիստերի ժամանակ ճի՞շտ ցուցմունքներ են տվել ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը և Նորայր Հայրապետյանը: Մեղադրողը վկայակոչեց նրանց ցուցմունքները, որոնցում հիշատակվել էր նաև Նիկոյանի անունը, մասնավորապես, Մարուխյանը փորձեց պարզել, թե արդյոք Նորայր Հայրապետյանի վերջին ցուցմունքը հաստատո՞ւմ է Էդգար Նիկոյանը։

«Այդ ծեծկռտուքից հետո Դուք Գարիկ Մարգարյանի հետ զրուցե՞լ եք, թե՞ ոչ։ Դուք նրան հայտնել եք, որ Արզնու ձորից եք գալիս, խմած եք և ցանկանում եք հավաքել ձեր ընկերներին և հեռանալ»,- հարցեց Մարուխյանը։

Նիկոյանն ասաց՝ նման բան չի հիշում։

Մեղադրողը նաև հարցրեց՝ Նիկոյանը խոսակցություն ունեցե՞լ է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի հետ, երբ վերջինս Վահե Ավետյանի մոտից գալիս էր դեպի Ձմեռային սրահ։

«Ես Նորայր Հայրապետյանին դեմքով չեմ տեսել դրանից հետո»,- ասաց Նիկոյանը։

Հայրապետյանն այդ պահին ռեպլիկ նետեց՝ «նայի էս կողմ, կհիշես»: Դատավորը սանկցիա կիրառեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի նկատմամբ՝ զգուշացնելով, որ եթե նա շարունակի տեղից խոսել, հաջորդ սանկցիան կկիրառի:

Ամբաստանյալների պաշտպանները հարցեր ուղղելով տուժող Էդգար Նիկոյանին՝ առիթը բաց չթողեցին իրեն պաշտպանյալների վերջին ցուցմունքները որպես «ինքնախոստովանական ցուցմունքներ» ներկայացնել:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ մյուս տուժողներին՝ ռազմական բժիշկներ Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանին դատարանը ծանուցագրեր կուղարկի՝ մյուս նիստին հարցաքննության հրավիրելու նպատակով:

Հաջորդ դատական նիտսը նշանակված է հոկտեմբերի 25-ին:
XS
SM
MD
LG