Մատչելիության հղումներ

Սյունիքի արոտավայրերի վարձակալության «հարցը փակված է»


Սյունիքի մարզի արոտավայրերը իրանցիներին վարձակալության չեն հանձնվելու, հարցը փակված է, և հետագայում բացառվում է, որ այդպիսի հարց բարձրացվի, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան օրերս նման հայտարարություն արեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Վաչե Տերտերյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչն է պատճառը, որ չնայած ձեռք բերված նախնական համաձայնությանը, Հայաստանի իշխանությունները որոշեցին իրանցիներին վարձակալության չհանձնել Սյունիքի արոտավայրերը։

«Նախարարությունը դրան սպառիչ պատասխան տվել է մեր կայքում, և դա հրապարակային է եղել»,- պատասխանեց Տերտերյանը։

Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքէջում այս տարվա փետրվարի 5-ի թվագրմամբ տեղադրված է նախարարության պաշտոնական պարզաբանումը: Այնտեղ նշված չէ, թե որոշվել է Սյունիքի արոտավայրերը վարձակալության չհանձնել իրանցիներին, հետևաբար չկա նաև հարցի պատասխանը, թե ինչու արոտավայրերը վարձակալության չհանձնվեցին իրանցիներին, որովհետև այդ ժամանակ նման որոշում, ըստ ամենայնի, կայացված չէր, հարցը շարունակվում էր քննարկվել:

Պարզաբանումը, մասնավորապես, տեղեկացնում է, որ Հայաստանի Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ:

Հիշեցնենք, այս տարվա փետրվարի 1-ին «Էկոլուր» հասարակական կազմակերպությունը հանդես եկավ հրապարակմամբ՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզպետի ու Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Սյունիքի մարզի արոտավայրերը իրանցիներին վարձակալության հանձնելու մասին: Ընդ որում, ձեռք է բերվել երկու համաձայնություն: Նախ՝ անցած տարվա հուլիսի 10-ին Գորիսում Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, իսկ այս տարվա հունվարի 15-ին Թավրիզում՝ Արևելյան Ատրպատական Սուրիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ, արդեն ստորագրվեց համաձայնագիր՝ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի և Արևելյան Ատրպատականի ցեղաբնակների գործերի կորպորատիվ միության ընդհանուր տնօրեն Ղորբան Ֆեյզիի միջև:

Այս երկրորդ փաստաթղթով սահմանվում էր, որ հայկական կողմը առնվազն 50 հազար հեկտար և առնվազն 10 տարի ժամկետով արոտավայրեր է վարձակալության հանձնելու իրանցիներին՝ յուրաքանչյուր հեկտարի համար 25 դոլար գնով: Բացի այդ ևս 2000 հեկտար էլ տրամադրելու էր իրանցի անասնապահներին՝ բնակության նպատակով, որի համար, փաստորեն, վարձ չէր գանձվելու:

Անցած տարվա դեկտեմբերի 28-ին՝ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, տեղեկացնելով, որ Սյունիքի արոտավայրերի առումով ֆորմալ որևէ պայմանավորվածություն դեռ չկա՝ միաժամանակ ուշագրավ հայտարարություն արեց.- «Մարզպետը Իրան չի այցելել, նման փաստաթուղթ չի ստորագրվել, եթե նման փաստաթուղթ լինի, անպայման մեր նախարարությունը կհայտնի բոլորին, բայց բոլոր արոտավայրերը Հայաստանին պետք են, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրանք մաքսիմում արդյունավետ օգտագործվեն և համապատասխան եկամուտներ ապահովեն համապատասխան համայնքներին»։

Նշենք, որ Սյունիքի արոտավայրերին վերաբերող փաստաթղթերի մասին հանրությունը առաջինը տեղեկացավ, ոչ թե տարածքային կառավարման նախարարությունից, այլ «Էկոլուրի» հրապարակումից: Թե ինչո՞ւ որոշվեց Սյունիքի արոտավայրերը, այնուամենայնիվ, վարձակալության չհանձնել իրանցիներին, պարզ չէ:

Հիշեցնենք, այս հարցը ժամանակին դժգոհության լուրջ ալիք բարձրացրեց հանրությունում. Մտավախություններ էին հնչում, թե գործարքը կարող է բնապահպանական, տնտեսական եւ անգամ քաղաքական խնդիրներ առաջացնել Հայաստանի համար:

Բնապահպան, «Էկոլուր»-ի նախագահ Ինգա Զառաֆյանն «Ազատություն» ռեադիոկայանին փոխանցեց, թե այս ողջ պատմությունը սկսվեց ու հավանաբար ավարտվում է գաղտնիության քողի ներքո, հանրությունից թաքուն և լի կոռուպցիոն ռիսկերով:

«Ինչ-որ մի շահ կա, կամ մի քանի հոգու շահ կա, մենք չենք հասկանում՝ սա ում շահն է և ինչ միջամտություն կա այս գործընթացին։ Սա մեզ համար շատ կարևոր է, որովհետև եթե անձնական շահ կա, պետության շահերը միանշանակ չեն պահպանվում»,- ասաց Զառաֆյանը։

Անդրադառնալով այն պնդումներին, որ արոտավայրերի վարձակալությունը կապված էր Սյունիքի նախկին մարզպետի հետ, ում պաշտոնանկությունից հետո ծրագիրը կասեցվեց, Զառաֆյանը ասաց.- «Դա միայն վարկած չէ, միանշանակ մի պայմանագրի տակ ստորագրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը»։

Զառաֆյանը հավելեց՝ պարզ չէ նաև՝ եթե հայկական կողմը հրաժարվել է պայմանավորվածությունից, արդյոք որպես հետևանք տուգանք չի վճարելու:

Սուրիկ Խաչատրյանը խոստացել է «Ազատություն» ռադիոկայանին մեկնաբանություն տալ հաջորդ շաբաթ:
XS
SM
MD
LG