Մատչելիության հղումներ

Իրանցիները ցանկանում են Հայաստանում արոտավայրեր վարձակալել


Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ պարզաբանումներ տվեց Սյունիքի մարզին պատկանող արոտավայրերը վարձակալությամբ Իրանի Հանրապետությանը տրամադրելու վերաբերյալ:

«Նման գաղափարներ, առաջարկություններ առիթից առիթ ծնվում եւ քննարկվում են: Ոչ միայն Սյունիքի մարզում, այլ նաեւ տարբեր մարզերում օտարերկրյա տարբեր ներդրողներ, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում ոչխարաբուծությամբ, անասնապահությամբ զբաղվելու, այդ առաջարկություններով դիմում են: Սյունիքի մարզի հետ կապված այս պահի դրությամբ նմանատիպ փաստաթուղթ չկա, ֆորմալ առումով չկա, շրջանառության մեջ դրված չէ, մարզպետը Իրան չի այցելել», - հայտարարեց Գեւորգյանը` հավելելով, թե ամեն ինչ արվելու է, որ Հայաստանի բոլոր արոտավայրերը առավելագույնս արդյունավետ օգտագործվեն եւ համապատասխան եկամուտներ ապահովեն համայնքներին:

Քանի որ տարածքային կառավարման նախարարը հատուկ ընդգծեց Սյունիքի մարզը, հետաքրքրվեցինք, կա՞ արդյոք մեկ այլ մարզի հետ կապված արոտավայրերի վարձակալության հարց:

«Այս պահի դրությամբ ֆորմալ առումով Վայոց ձորում նման առաջարկություն կա, քննարկվում է, բայց որոշումներ դեռ կայացված չեն», - ասաց նախարարը:

Հիշեցնենք` այս տարի ամռանը Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգիի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Սյունիքի մարզ: Արոտավայրերը վարձակալությամբ Իրանին հանձնելու շուրջ զրուցեցինք նաեւ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի հետ:

«Եկել են, հանդիպումներ ենք ունեցել, իրենք ուզում են արոտավայրեր վարձակալել, անասուններ բերեն պահեն, բայց դեռ ընթացքի մեջ է. Սյունիքից մարզպետի գլխավորությամբ պատվիրակություն պետք է գնա Իրան, եթե հարցը լուծում ստանա, կտեղեկացնենք: Այս պահին ընդամենը իրենց ցանկությունն է», - ասաց Թանգյանը. - «Իրանից եկել են նահանգապետեր, գործարարներ, ֆերմերներ: Ինչ վերաբերում է պայմաններին, իրենք համաձայն են փոխշահավետ պայմանների, այսինքն մեր համայնքներին ինչ արժեքով ձեռք կտա տարածքը վարձակալության տալ, եթե իրենց էլ ձեռնտու կլինի, նոր կվարձակալեն: Դա պայմանագրով է լինելու»:

Թանգյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետը Իրան կայցելի հաջորդ տարեսկզբին: Նա նաեւ ասաց, որ մարզում արոտավայրերը շատ են, շատ տարածքներ չեն օգտագործվում:

«4000-5000 հեկտարի չօգտագործվող արոտավայրեր կան», - մանրամասնեց նա:

Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարզային իշխանությունները հուշագիր են ստորագրել Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի հետ:

«Մեզ մոտ ոչխարաբուծության զարգացման առաջարկություն ենք արել իրենց, 2013 թվականին ձնհալից հետո, երբ արդեն արոտները նորմալ տեսքի կգան, իրենք կգան, կուսումնասիրեն, ըստ այդմ էլ կորոշեն` ոչխարաբուծությունը զարգացնել, թե՞ ոչ: Համաձայնություն ունենք նաեւ Սաուդյան Արաբիայի հետ, գործարարը եկել է, նայել է, ընտրություն է կատարել, առաջիկայում նա եւս պատրաստակամ է ոչխարաբուծություն զարգացնելու», - ասաց Մկրտչյանը:

Մինչ այդ Վայոց Ձորի մարզի արոտավայրերը վարձակալությամբ օգտագործում են Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղացիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG