Մատչելիության հղումներ

Հայաստանցի վերլուծաբանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում անդրադառնում են ռուս-ամերիկյան հարաբերությունների վերջին օրերի զարգացումներին և դրանց հնարավոր հետևանքներին հարավկովկասյան տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի համար:

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանը կարող է շահել ռուս֊ամերիկյան սրվող հարաբերություններից:

«Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ պայմանավորված Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումները չեն աշխատի: Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին Ռուսաստանը Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները ավելի հեշտ կտանի, քանի որ նրա համար Բրյուսելն ավելի անվտանգ է, քան Ամերիկան», - «Ազատություն» ռադոիակայանի հետ զրույցում ասաց Կիրակոսյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին համանախագահող Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ անձնական ժամանակ և քաղաքական հնարավորություններ ներդրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում, մինչդեռ, Պուտինը, ըստ Կիրակոսյանի, հարցի լուծում չի ուզում ու ջանքեր այդ ուղղությամբ չի գործադրում, ուստի Ռուսաստանի դերակատարությունը Մինսկի խմբում, քաղաքագետի կարծիքով, կնվազի:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, չի կարող ազդել Հայաստանի վրա:

Իսկանդարյանի կարծիքով, Մեդվեդևի նախագահության ընթացքում ղարաբաղյան գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն ամենևին էլ Ղարաբաղով չէր պայմանավորված․ նրա համոզմամբ՝ Մայնդորֆից հետո գործընթացը ավելի շատ Վրաստանի հետ էր կապված, քան Հայաստանի ու Ադրբեջանի․ - «Ռուսներին անհրաժեշտ էր ցուցադրել, որ Աբխազիան և Օսիան բացառություն էին»:

Իսկանդարյանը կարծում է, որ ԼՂ հակամարտության լուծումը Մինսկի խմբի իրական նպատակը չէ, քանի որ դրան հնարավոր չէ հասնել: Խումբը հակամարտության լուծման նպատակով այնքան չի աշխատում, ինչքան իր առջև դրված 3 խնդիրներն է լուծում:

Առաջինը ֆորմատի պահպանման հարցն է: «Նույնիսկ եթե անեկդոտներ են իրար պատմում, կողմերը պետք է իրար հանդիպեն», - ասաց նա:

Երկրորդ խնդիրը, ըստ Իսկանդարյանի, այն է, որ ֆորմատը պետք է բազմազգ լինի․ բացի հայից և արդբեջանցուց, սենյակում պետք է ռուս, ամերիկացի ու ֆրանսիացի էլ լինի: Եվ երրորդը ստատուս քվոյի պահպանման հարցն է․ որևէ մեկին՝ ռուսներին, ամերիկացիներին կամ ֆրանսիացիներին պատերազմ անհրաժեշտ չէ:

Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ Հայաստանը ռազմավարական կարևորություն է ներկայացնում և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար: Չնայած Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներին, Միացյալ Նահանգները, նրա խոսքով, առանց պայքարի Հայաստանը ռուսներին չի տա:

Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանի իշխանություններից է կախված, թե ինչքանով կարելի է շահ քաղել ստեղծված իրավիճակից: Բայց, նախևառաջ, ըստ նրա, պետք է լուծենք մեր ներքին խնդիրները՝ վերացնենք օլիգարխիկ համակարգը, բարձրացնենք ներքին ժողովրդավարության մակարդակը:

Նրա խոսքով, Հայաստանն այսօր տարածաշրջանի միակ կայուն երկիրն է․ - «Հայաստանին շրջապատող բոլոր պետություններն այսօր քաղաքական վայրիվերումների մեջ են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, անգամ Իրանը»:

Իսկանդարյանի կարծիքով, չեղյալ համարելով Օբամա - Պուտին հանդիպումը՝ ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ կորցնում է հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ․ - «Ամերիկացիների համար դառնում ենք քիչ նշանակություն ունեցող տարածաշրջան, և փառք Աստծո, որովհետեւ, եթե գերտերությունների ուշադրությունը չափից ավելի է, դա կարող է վատ հետևանքներ ունենալ»:

Անդրադառնալով Պուտինի հետ հանդիպումը չեղյալ համարելու որոշմանը՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, թե Ամերիկան այլևս չի հանդուրժում Պուտինի քայլերը․ - «Մոսկվայի հետ հակասությունն անձնական է, Պուտինի անձով է պայմանավորված»:

Նա հիշեցնեց, որ վերջին անգամ ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը չեղյալ է համարվել Խրուշչովի ղեկավարության տարիներին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG