Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաջորդ ամիս Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում չի պլանավորում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը այսօր ասել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու՝ Ռուսաստանի որոշումը լարվածություն է առաջացրել երկկողմ հարաբերություններում:

«Դա նախագահի և ազգային անվտանգության հարցերով նրա թիմի միասնական որոշումն էր, որ ներկա պայմաններում երկու նախագահների հանդիպումն անիմաստ է», - նշել է նա:

Հաջորդ ամիս Օբաման մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք Մեծ քսանյակի տնտեսական գագաթաժողովին, որից հետո նախատեսվում էր նրա այցը Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու համար:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին ասել է, որ չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ը դիմել է Ռուսաստանի կառավարությանը, հայտնելով, որ Օբամայի կարծիքով ավելի կառուցողական կլինի հետաձգել Պուտինի հետ հանդիպումը, մինչև ընդհանուր օրակարգում առաջընթաց կգրանցվի:

Սանկտ Պետերբուրգից Մոսկվա այցելելու փոխարեն Օբաման ծրագրում է Շվեդիա մեկնել:

«Ասոշիեյթեդ պրեսը» նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը Բարաք Օբամայի կողմից չեղյալ համարելը հազվադեպ հանդիպող դիվանագիտական վիրավորանք է: Դա նաև արտացոլում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում մի շարք խնդիրների շուրջ աճող հիասթափությունը, ներառյալ հակահրթիռային պաշտպանության ծրագիրն ու մարդու իրավունքների հարցերը:

Վաշինգտոնը պահանջում էր, որ Մոսկվան իրեն հանձնի ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Սնոուդենին, ում դեմ ԱՄՆ-ում քրեական գործ է բացվել՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ինտերնետային և հեռախոսային հաղորդակցությանը հետևելու և գաղտնալսելու ծրագրերը բացահայտելու համար: Սնոուդենը այս բացահայտումներն արել էր Հոնկգոնգից, որտեղից էլ մեկնել էր Մոսվա և ժամանակավոր ապաստան ստացել այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG