Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը միասնականության կոչ է անում


Սարդարապատի հուշահամալիրում տոնակատարությունը մեկնարկեց հանդիսավոր զորահանդեսով: Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսին մասնակցում էր Հայաստանի ղեկավարությունը ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ամբիոնից ելույթ ունենալով` նախագահն անդրադարձավ 1918 թվականին ձեռք բերված անկախության պատմական նշանակությանը, արձանագրված հաղթանակներին` հաղթանակի հասնելու համար ընդգծելով միասնականության անհրաժեշտությունը:

«95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգեւորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ», - հայտարարեց նախագահը. - «Մենք կարիք ունենք հիշելու եւ հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաեւ փոխանցելու կարևոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները: Եղե՛ք միասնական: Եղեք՛ պետականորեն կազմակերպված: Ապավինե՛ք սեփական ուժերին: Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլեւ այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ»:

Տոնական զորահանդեսից հետո Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, հետո ծաղիկներով հուշակոթողին մոտեցան պետական պաշտոնյաները, այնուհետեւ զինվորականները: Նախագահի մասնակցությամբ միջոցառումը շուրջ կես ժամանոց զորահանդեսով սահմանափակվեց: Այլ ելույթներ չեղան:

«Ես կարող եմ ասել, որ զինված ուժերը ամեն օր պատրաստվում են մեր երկրի պաշտպանությանը, պատրաստվում են պատերազմի: Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց եթե լինի պատերազմ, ապա մենք պատվով, անձնուրացաբար կռվելու ենք մեր հայրենիքի համար». - «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով երկրի զինված ուժերի պատրաստվածության մակարդակն այսպես գնահատեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե Հայաստանը ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունների առնչությամբ, որ ստատուս քվորն անընդունելի է բոլորի` այդ թվում Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար, նախարարը արձագանքեց. - «Կարծում եմ, որ այս գործընթացը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, ճիշտն է, մենք բոլորս կողմնակից ենք դրան: Մինսկի խմբի մասնակցությամբ իրականացվող այս ամբողջ գործընթացը, որը կոչվում է բանակցային գործընթաց, եւ մերթ ընդ մերթ ընդհատվում է, այնուամենայնիվ այս երկար-բարակ տարիների ընթացքում ապահովել է այսօրվա խաղաղ արարումը: Եվ գտնում եմ, որ հակամարտող կողմերը այսօր էլ փորձում են ցուցաբերել կառուցողական մոտեցումներ, որպեսզի խաղաղ պայմաններում այս հարցը լուծում ստանա»:

Ի դեպ, զորահանդեսի ընթացքում ամբիոնում Սերժ Սարգսյանի հետ նույն շարքում կանգնած էին ինչպես Ամենայն Հայոց կաթողիկոսը, Սահմանադրական դատարանի նախագահը, խորհրդարանի խոսնակը, Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարները, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա այդ պահին ոչ իշխանական ուժերի միակ ներկայացուցիչն էր հուշահամալիրում:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այս օրերին Միացյալ Նահանգներում է, սակայն նրա կուսակիցներին եւս չհանդիպեցինք Սարդարապատի հուշահամալիրում, ներկա չէին նաեւ Դաշնակցությունից եւ Հայ Ազգային կոնգրեսից:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չմասնակցելը Կոնգրեսը հիմնավորում է նրանով, որ Սարդարապատ ամենամյա այցելության ավանդույթ չկա:

Տոնական զորահանդեսին չէր մասնակցում նաեւ երկրորդ նախագահը, Ռոբերտ Քոչարյանի խոսնակի փոխանցմամբ` նա այսօր մերձավորներից մեկի թաղման արարողությանն է մասնակցում. նախօրեին վախճանվել է Քոչարյանի խնամու` դերասան Հրաչյա Հարությունյանի հայրը:

Սարդարապատ չէր եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարչապետի բացակայությունը պայմանավորվեց այսօր նրա` Գյումրի այցելությամբ:

Զորահանդեսից հետո Սերժ Սարգսյանի հետ միասին հեռացան բոլոր պաշտոնյաները, եւ սկսվեց շարքային քաղաքացիների հոսքը դեպի հուշահամալիր: Ոմանք երգելով ու դրոշներով էին բարձրանում, մյուսները վրդովված էին, որ հնարավորություն չունեցան իրենց բողոքը իշխանավորներին ներկայացնելու:

«Բերեցին ամբողջ ժողովրդին կանգնացրեցին այնտեղ` ներքեւում, իրենք իրենց ոստիկաններով ու զորքով բարձրացան, իրենց արարողությունը կատարեցին ու թողեցին փախան: Ուզում էի բողոքել, որ 5 միլիոնի կորուստ եմ կրել կարկուտից, իրենցից հույս չունեմ, ոչ մի հույս չունեմ: Ասում են` Կառավարությունը կփոխհատուցի, ի՞նչ պիտի փոխհատուցի, մի գրպանից պիտի հանի դնի մյուսը, էլի»,- վրդովված էր գյուղացին:

Ի դեպ ավանդական այս միջոցառման այսօրվա մեկ այլ առանձնահատկությունն էլ արմավիրցիների տոնական սեղանների եւ հյուրասիրության բացակայությունն էր: Նման բան վերջին տարիներին առաջին անգամ է արձանագրվում, երբ Արմավիրի տարբեր համայնքների բնակիչները ճոխ հյուրասիրությամբ չդիմավորեցին տոնակատարությունների մասնակիցներին:

«Որտեղի՞ց գումար ունենային հյուրասիրության. 28 գյուղ լրիվ ավերվել է, ոչինչ չի մնացել, գյուղ կա` 100 տոկոսով, գյուղ կա` 60 կամ 40: Շատ չնչին գումարով պետք է փոխհատուցվի, ժողովուրդը ըմբոստացել է, ժողովուրդը սովի է մատնվել, չի կարողանում ապրի»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին Արաքս գյուղի բնակիչները: - «Իհարկե սա նաեւ դժգոհության արտահայտություն է, իհարկե, դրանում ոչ մի խոսք»:

Երկու շաբաթ առաջ տեղացած կարկուտը մարզի համայնքներին շուրջ 25 միլիարդ դրամի վնաս է հասցրել: Կառավարությունը խոստացել է միջոցներ գործադրել տուժած տնտեսությունների վիճակը մեղմելու համար: Գյուղացիները սպասողական վիճակում են, այդ պատճառով էլ այսօր իշխանությունների առաջ բողոքի ցույցով չփակեցին դեպի Սարդարապատ տանող ճանապարհը:
XS
SM
MD
LG