Մատչելիության հղումներ

logo-print

Կարկտահարության վնասը անցնում է 25 միլիարդ դրամից


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մայիսի 12-ին տեղացած կարկուտը վնաս է հասցրել մարզի 12 հազար 800 գյուղացիական տնտեսություններին:

«Այդ վնասների ընդհանուր գումարը, նախնական հաշվարկներով, մոտավորապես 25 միլիարդ դրամից ավելի է», - հավելեց նա:

Հարցին, թե որքանով կգոհացնի կարկուտից տուժած գյուղացուն կառավարության աջակցությունը, մարզպետն արձագանքեց. - «Մենք նաեւ պետք է հաշվի առնենք մեր պետության հնարավորությունները: Այսօրվա սուղ պայմաններում, Հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության պայմաններում Կառավարությունը, ինչ խոսք, լուրջ միջոցներ է ներդնում: Բայց ասել` դա շատ է թե քիչ, պիտի նայենք երկրի, կառավարության հնարավորությունները»:

Մարզպետի խոսեց նաեւ լուծման կարիք ունեցող առաջնային այլ խնդիրներից. - «Մի շարք միջհամայնքային ճանապարհներ ունենք, որոնց վիճակը անմխիթար է, եւ այդ մասին մենք համապատասխան տեղեկատվություն ներկայացրել ենք Կառավարություն: Նաեւ ունենք բավականին խնդիրներ դպրոցների վերանորոգման, բուժամբուլատորիաների: Ունենք բազմաթիվ ընտանիքներ, որոնք բնակարանների կարիք ունեն»:

Անդրադառնալով արտագաղթի խնդրին, Հայաստանի` բնակչության թվով ամենամեծ մարզի ղեկավարն ասաց. - «Բոլորից քիչ արտագաղթ Արմավիրի մարզից է: Ասեմ ի ուրախություն մեր բոլորի, որ 2012-2013 ուսումնական տարում Արմավիրի մարզում 287 առաջին դասարանցի ավելի է գնացել առաջին դասարան, քան նախորդ տարի: Իհարկե, մեր մարզից էլ են գնում արտագնա աշխատանքի»:

Արեւիկ գյուղում մարդիկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցներում ասում էին, թե իրենց չի գոհացնում Կառավարության աջակցության ծրագիրը:

«Կոնկրետ հողի հարկը իրենից ոչ մի բան չի ներկայացնում», - ասաց միջին տարիքի մի արեւիկցի. - «Վարչապետին չթվա, որ ինքը մի սարսափելի օգնություն է արել: Ջրի հարցում ես կասկածամիտ եմ: Ինչ վերաբերում է վարկերի սառեցմանը, թե դա որքանով ճիշտ կլինի, ապագան ցույց կտա»:

«Մեզ պետք է ֆինանսական աջակցություն: Այդքան բան», - հավելեց գյուղի մեկ այլ բնակիչ:
XS
SM
MD
LG