Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է


ԲՀԿ համակիրները Երեւանի Ազատության հրապարակում, 2-ը մայիսի, 2013
ԲՀԿ համակիրները Երեւանի Ազատության հրապարակում, 2-ը մայիսի, 2013
Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դեռեւս չի ցանկանում որեւէ գնահատական հնչեցնել մայիսի 5-ին Երեւանում կայացած ավագանու ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ «որոշ հետընտրական գործընթացներ շարունակվում են»:

«Զուգահեռաբար ընթանում են նաեւ վերջնական հաշվարկի եւ վերջնական տվյալների վերաբերյալ համապատասխան մարմինների գործողությունները, մենք հետեւում ենք դրանց եւ գտնվում ենք քննարկումների մեջ: Երբ դրանք ավարտվեն եւ կուսակցությունը կտրամադրի ինձ տեղեկություն` հանձնարարելով այն ձեզ ներկայացնելու, սիրով կներկայացնեմ այն», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

ԲՀԿ-ն, հիշեցնենք, նախնական տվյալներով մայիսի 5-ին իշխող Հանրապետականից հետո ամենաշատ ձայներն է հավաքել` 23.8 տոկոս:

Կուսակցությունը, որը նախընտրական քարոզչության շրջանում խստորեն քննադատում էր իր երբեմնի կոալիցիոն գործընկերոջը, ընտրություններից երկու օր անց դեռ որեւէ ստույգ կարծիք չի հայտնել քվեարկության օրվա առնչությամբ: Հիշեցնենք` տեղական դիտորդների գնահատմամբ` Երեւանի ավագանու ընտրությունները «բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին» եւ ուղեկցվել են բազմաթիվ ընտրախախտումներով:

Քվեարկության օրվա վերաբերյալ ներկայացնելով իր անձնական կարծիքը` Ուրիխանյանն ասաց, թե ընտրությունները «հեռու են կատարյալ կոչվելուց»:

«Վերջին տարիներին, մանավանդ այդ ընտրություններին, շատ բաներ տեղի են ունենում կարծես թե օրենքի շրջանակներում, բայց վերջին հաշվով հակասում են ընտրողի քվեին կամ ցանկությանը: Այս առումով պարադոքսալ ընտրություններ էին», - ասաց Ուրիխանյանը:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ընտրարշավի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանին ասել էր` եթե Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվեն, ԲՀԿ-ն չի մասնակցի «այդ ոչ լեգիտիմ կառույցի աշխատանքներին»: Պատասխանելով հարցին, թե արդյոք ունեն մանդատները չվերցնելու որոշո՞ւմ, Ուրիխանյանն ասաց` դա այն հարցերից մեկն է, որոնց վերաբերյալ կուսակցությունում քննարկումներ են ընթանում:

Անդրադառնալով ավագանու կազմում ՀՀԿ-ի հետ համագործակցելու հարցին, Ուրիխանյանն ասաց` եթե ԲՀԿ-ն վերցնի այդ մանդատները, ապա «այդ համագործակցությունը լինելու է երեւանցիների հետ». - «Այսինքն երեւանցու շահերից բխող գործողությունների իրականացում, որքան էլ որ դրանք հակասել այլ խմբակցությունների, հատկապես քաղաքական մեծամասնության ցանկությանը», - նշեց նա:

Ընտրությունների օրը մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ետ չի մնում ընտրակաշառքի բաժանելու գործում: Կուսակցության խոսնակը հորդորեց նման փաստեր ունեցողներին դրանք իրավապահ մարմիններին ներկայացնել:

«Պատրաստ եմ ինքս թիմակիցներիս հետ միասին զորակցել մեղավորների բացահայտմանը», - ասաց ԲՀԿ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG