Մատչելիության հղումներ

logo-print
Մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին, հայտարարում են դիտորդական առաքելություն իրականացրած մոտ տասը կազմակերպություններ:

Մասնավորապես, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, թվարկելով արձանագրված խախտումները, նշեց, որ եղել են ահազանգեր բաժանվող ընտրակաշառքի մասին, տեղամասերի մոտ արձանագրվել են համատարած կուտակումներ, որն արգելվում է օրենքով, ինչ-որ անձինք անընդհատ մարդկանց են բերել ընտրությունների, ուղղորդել են, իսկ ոստիկանությունը հիմնականում անգործության է մատնված եղել: Վստահված անձանց կողմից խոչընդոտվել են լրագրողների եւ դիտորդների աշխատանքը, արձանագրվել է նաեւ ոչ լիազորված անձանց ներկայություն ընտրատեղամասերում:

Transparency International հասարակական կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ներկայացնելով իրենց եւ մի քանի այլ կազմակերպությունների դիտորդների կողմից արձանագրված խախտումները, նշեց, որ խոչընդոտվել են դիտորդների եւ լրագրողների աշխատանքը, նրանց հասցեին հնչել են սպառնալիքներ, հայհոյանքներ, որոշ տեղամասերում ուղղակի իշխել են «թաղային» հեղինակությունները:

Ի դեպ, Transparency International-ի դիտորդները եղել են նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 08 եւ 09 տեղամասերում, որտեղ ողջ օրվա ընթացքում լարված իրավիճակ էր: Այնտեղ էր ժամանել անձամբ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, փորձելով սաստել Հանրապետականի ներկայացուցիչներին: Ալեքսանյանն անգամ սպառնացել է, որ «իր ձեռքից չեն պրծնի», եթե կրկին այդ տեղամասից զանգ ստանա:

«Անձամբ Ազգային ժողովի պատգամավորի` Սամվել Ալեքսանյանի մակարդակով էին հարցերը կարգավորում, ով կարող էր գալ ընտրատեղամաս եւ իր «բանդայի» ներկայացուցիչներին սաստում էր, որ այստեղ տեղամասից այլեւս բողոքներ չլինեն եւ այլն: Դիտարկվել են «կարուսելի» դեպքեր, տարբեր գույնի գրիչների օգտագործման դեպքեր, կուտակումները համատարած էին, փոխադրամիջոցներով, այդ թվում` երթուղային տաքսիներով մարդկանց բերում էին տեղամասեր, բազմակի քվեարկությունը արդեն սովորական է դարձած», - ասաց Այվազյանը` եզրակացնելով. - «Հերթական անգամ տեղի ունեցան խայտառակ ընտրություններ, ամեն անգամ մենք զարմանում ենք, թե ինչքան կարելի է եւ ինչքան բազմազան կարող են լինել այդ խախտումները»:

Այվազյանը նշեց, որ չորս ընտրատարածքներում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ 40 բողոք են ներկայացրել հանձնաժողովներին, եւ դրանց թիվը մինչեւ երեկոյան վեցը կարող է աճել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները, վերը թվարկված ընտրախախտումներից բացի, Դավիթաշեն վարչական շրջանում արձանագրել են նաեւ շրջիկ խմբի առկայություն, երբ նույն մարդիկ մի քանի անգամ քվեարկել են: Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, համեմատություն անցկացնելով, նշեց, որ ի տարբերություն նախագահական ընտրությունների, ավագանու ընտրությունների ժամանակ իշխանությունը գործի դրեց բոլոր ռեսուրսները, արդյունքում` Տարոն Մարգարյանը Երեւանում ավելի շատ ձայն հավաքեց, քանի Սերժ Սարգսյանը (եթե փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանը Երեւանում ստացավ մոտ 208 հազար ձայն, ապա Տարոն Մարգարյանը` 235 հազար ձայն):

«Այդ ուժեղ աշխատանքի արդյունքում Տարոն Մարգարյանը Երեւանում հաղթեց Սերժ Սարգսյանին», - ասաց Իշխանյանը:

Արձանագրված բազմաթիվ ընտրախախտումներից բացի` տեղական դիտորդական կազմակերպությունները մտահոգիչ համարեցին, որ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել մի շարք այլ կազմակերպություններ, որոնք իրականում չեզոք չեն եղել եւ պաշտպանել են այս կամ այն քաղաքական ուժի շահերը, այսինքն` ստանձնել են վստահված անձի դեր եւ ուղղորդել են ընտրողներին:

«Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն, Տնտեսական եւ սոցիալական կենտրոն, «Կյանք» մարդու իրավունքների քաղաքականության հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա` այս երեք կազմակերպությունները աշխատել են Հանրապետական կուսակցության օգտին: Եվ մեկ կազմակերպություն` Համահայկական երիտասարդական ասոցիացիան, աշխատել է «Բարգավաճ Հայաստանի օգտին», - ասաց Իշխանյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս են բացատրում միջազգային եւ տեղական դիտորդների գնահատականների խիստ տարբերությունը, Հելսինկյան կոմիտեի նախագահն ասաց, որ եթե միջազգային դիտորդները ցանկանային, ապա կարձանագրեին բոլոր խախտումները:

«Միջազգային դիտորդները պետք է առավոտից իրիկուն մնային խնդրահարույց տեղամասերում եւ այդ ժամանակ եթե ուզենային, կարող էին ճիշտ եզրակացություն տալ», - ասաց Իշխանյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG