Մատչելիության հղումներ

Ցարնաեւների հորեղբայրը ներողություն խնդրեց հայ համայնքից


ԱՄՆ - Ռուսլան Ցարնին Մերիլենդ նահանգի Մոնթգոմերի գյուղում իր տան դիմաց զրուցում է լրագրողների հետ, 19-ը ապրիլի, 2013թ.
ԱՄՆ - Ռուսլան Ցարնին Մերիլենդ նահանգի Մոնթգոմերի գյուղում իր տան դիմաց զրուցում է լրագրողների հետ, 19-ը ապրիլի, 2013թ.

«Երանի երբեք դա ասած չլինեի», - ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական պարբերականին փոխանցել է Ռուսլան Ցարնին:

Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունն իրականացրած Տամերլան եւ Ջոխար Ցարնաեւների հորեղբայրը` Ռուսլան Ցարնին երեքշաբթի օրը կապվել է ԱՄՆ-ում լույս տեսնող Armenian Mirror-Spectator պարբերականի հետ եւ ներողություն խնդրել հայ համայնքից հայերին վերաբերող իր հայտարարությունների համար:

«Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի, հետեւաբար ես ցանկանում եմ ընդգծել, որ նրա [«Միշայի»] ազգությունը որեւէ կապ չունի դրա հետ: Երանի երբեք դա ասած չլինեի», - Armenian Mirror-Spectator-ի փոխանցմամբ, հայտարարել է Ցարնին` իր համակրանքը արտահայտելով հայերի նկատմամբ:

Ցարնաեւ եղբայրների ազգականը եւս մեկ անգամ ներողություն է խնդրել հայ համայնքը «այս չար իրադարձությանը» կապելու համար:

Ռուսլան Ցարնաեւը կարճ է խոսել բջջային հեռախոսով` ասելով, որ ի վիճակի չէ հավելյալ մեկնաբանություններ անել կամ հարցերին պատասխանել:

Armenian Mirror-Spectator-ի խմբագրությունը ճշտել է, որ հեռախոսազանգը ստացվել է Մերիլենդ նահանգից` իրոք Ցարնին պատկանող հեռախոսահամարից:

Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունից օրեր անց Ռուսլան Ցարնին հայտարարել էր, թե Միշա անունով իսլամ ընդունած մի հայ իբր «լվացել է» Տամերլան Ցարնաեւի ուղեղը եւ դրդել հանցագործության:

Ավելի ուշ պարզվել է, որ «Միշան» Միխայիլ Ալլախվերդովն է, որը հաստատել է իր դավանափոխության փաստը եւ Ցարնաեւների հետ ծանոթ լինելը, սակայն կտրականապես հերքել է եղբայրների վրա ազդեցություն գործելու եւ նրանց ահաբեկիչ դարձնելու մասին խոսակցությունները:

Ամերիկահայ համայնքը բավական կտրուկ էր արձագանքել Բոստոնի մարաթոնի ահաբեկչության «հայկական հետքի» վերաբերյալ պնդումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG