Մատչելիության հղումներ

Առեղծվածային «Միշան» վերջապես խոսեց


ԱՄՆ - Ուղերձներ ի հիշատակ Բոստոնի մարաթոնի ահաբեկչության զոհերի, Բոստոն, ապրիլ, 2013թ.

ԱՄՆ - Ուղերձներ ի հիշատակ Բոստոնի մարաթոնի ահաբեկչության զոհերի, Բոստոն, ապրիլ, 2013թ.

Նա պնդում է, որ ոչ մի կապ չունի Բոստոնի ահաբեկչության հետ։

Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունն իրականացրած Ցարնաեւ եղբայրների խճճված պատմության ամենամութ դրվագներից մեկը ոմն «Միշան» է, ում Տամերլանի եւ Ջոխարի հորեղբայրը` Ռուսլան Ցարնին բնութագրել է որպես դավանափոխ հայի, ով իբր «լվացել է» Տամերլան Ցարնաեւի ուղեղը եւ դրդել հանցագործության։

Արեւմտյան, ռուսական եւ, իհարկե, ադրբեջանական մամուլն անմիջապես տարածել են այդ տեղեկությունը, փութաջանորեն շեշտը դնելով առեղծվածային «Միշայի» հայկական ծագման վրա։ Ամերիկահայությունը խիստ է արձագանքել, ընդգծելով, որ համայնքը որեւէ կապ չի կարող ունենալ նման մարդու հետ, եւ իրավապահներին կոչ է արել գտնել նրան ու պարզաբանումներ պահանջել։

Եվ ահա «Միշան» հարցազրույց է տվել «Նյու Յորք Բուքս Ռեւյու» հանդեսին։ Լրագրող Քրիսթիան Ցերիլը Ռոդ Այլենդ նահանգում է հանդիպել նրան։

«Միշայի» իրական անուն-ազգանունն է Միխայիլ Ալլախվերդով։ Նա ապրում է տարեց ծնողների հետ բավական համեստ բնակարանում։ Նա խոստովանել է, որ իսլամ է ընդունել եւ իսկապես ժամանակին ճանաչել է Ցարնաեւ եղբայրներին։

Նա կտրականապես հերքում է եղբայրների վրա ազդեցություն գործելու եւ նրանց ահաբեկիչ դարձնելու մասին լուրերը։

«Ես նրանց ուսուցիչը չեմ եղել, եթե լինեի, ամեն բան կանեի, որ նման պատմություն տեղի չունենար», - ասել է 39-ամյա Միխայիլ Ալլախվերդովը։

Նրա հայրը հայ է, մայրը` ուկրաինուհի։ Լրագրողի եւ Միխայիլի զրույցը, որին ներկա էին Միխայիլի ծնողները եւ ամերիկացի ընկերուհին, տեղի է ունեցել բնակարանի պստիկ հյուրասենյակում։

Ալախվերդովն ասել է, որ Ցարնաեւների հետ ծանոթացել է Բոստոնում, որտեղից երեք տարի առաջ է տեղափոխվել Ռոդ Այլենդ նահանգ։ Միխայիլը պնդում է, որ դրանից հետո երբեւէ շփում չի ունեցել եղբայրների հետ։

Ի դեպ, լրագրողը չի նշում, թե Ռոդ Այլենդ նահանգի կոնկրետ որ քաղաքում է հիմա ապրում Ալլախվերդովը։

Վերջինս հրաժարվել է բնութագրել իր եւ Ցարնաեւների ընտանիքի հարաբերությունները, սակայն պնդում է, որ ոչ մի կերպ չի նպաստել Տամերլանի իսլամական արմատականացմանը։

Նա ասել է, որ իրեն արդեն հարցաքննել են Հետաքնությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները։ Նա հավաստիացնում է, որ փորձում է օգնել ահաբեկչության այս գործի հետաքննությանը։

«Ես ամբողջությամբ համագործակցում եմ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ, ես նրանց հանձնել եմ իմ համակարգիչը, հեռախոսը, կտամ ամեն ինչ, միայն թող համոզվեն, որ ոչ մի վատ բան չեմ արել», - ասել է Միխայիլ Ալլախվերդովն ու ավելացրել. - «Նրանք խոստացել են այդ ամենը շուտով վերադարձնել։ Գործակալը, ով ինձ հարցաքննել է, ասել է, որ իմ մասով քննությունը կփակվի»։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի մի ծառայող, որի անունը լրագրողը չի նշում, ասել է, որ Բոստոնի ահաբեկչության եւ «Միշայի» միջեւ կապ չի հայտնաբերվում։

Լրագրող Քրիսթիան Ցերիլի փոխանցմամբ, մի հարց դեռ պատասխան չունի` ինչո՞ւ է Ցարնաեւների ընտանիքը փորձում Բոստոնի պայթյունները կապել «Միշայի» հետ։ Ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող մի մարդ ասել է, թե «Միշան» Բոստոնում չի այցելել Ցարնաեւներին։ «Ես նրա հետ զրուցել եմ ռուսերեն, իմ կարծիքով, եթե նրանք շփվել են, ապա, ամենայն հավանականությամբ, խոսել են ռուսերեն», - նշել է Քրիսթիան Ցերիլը։

Լրագրողի փոխանցմամբ` Ալլախվերդովների ընտանիքն ապրել է Բաքվում, որտեղից 1990-ական թվականներին, երբ սկսվել են հայ քրիստոնյաների հալածանքները, փախուստի է դիմել։

«Մենք սիրում ենք այս երկիրը [ԱՄՆ-ը] եւ երբեք չէինք պատկերացնի, որ այսպիսի բան կարող է պատահել», - ասել է լրագրողին Միխայիլ Ալլախվերդովի հայրը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG