Մատչելիության հղումներ

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վատ է գնահատում ԱԺ հատուկ նիստի բոյկոտը


ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցությունները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցությունները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Գալուստ Սահակյանը նաեւ անհեթեթություն է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստանի երդմնակալության» արարողությունը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վատ է գնահատում, որ խորհրդարանական երեք ուժեր` ՀՅ Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն»-ը այսօր բոյկոտելու են Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք խորհրդարանի հատուկ նիստը եւ չեն մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

«Վատ եմ գնահատում, որովհետեւ խոսքը անձնավորված չի, նախագահը ինստիտուտ է, եւ սահմանադրական նորմ է, կարգն է էդպիսին, եւ պետականություն, պետություն ունեցող ցանկացած ազգ, ժողովուրդ, բնականաբար, այդ օրերին որոշակիորեն ավելի ակտիվ է եւ ավելի նպատակային է գործում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սահակյանը` շարունակելով. - «Բայց միեւնույն կողմից էլ` քաղաքական գործիչներ են, եւ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, իհարկե, նման երեւույթներում նշում է բացակայությունը, բայց, միեւնույն ժամանակ, հետեւանքներ չի ունենում, որովհետեւ, ըստ Սահմանադրության, կեսից ավելին եթե պատգամավորը չի մասնակցում, այդ ժամանակ հետեւանքներ է ունենում»:

«Նրանք ունեն իրենց պատճառաբանությունը, որ Սերժ Սարգսյանը նախագահ չի ընտրվել, կեղծել է ժողովրդի քվեն», - այս հիշեցմանը ի պատասխան` Հանրապետական խմբակցության ղեկավարը ասաց. - «Դե ցանկացած դեպքում ամեն մեկը կկարողանա իր կարծիքը հայտնել, խնդիրը էդտեղ չի թաքնված, առավել եւս, փաստորեն, սա այն նիստն է, որ պարտավոր են բոլորը մասնակցել»:

«Ստացվում է` հիմա էլ մենք պիտի էթիկայի հանձնաժողով դիմենք, թե ինչի չեն մասնակցում», - նշեց Սահակյանը` միաժամանակ հավելելով. - «Իհարկե, բնականաբար, չենք դիմելու, որովհետեւ չենք դիմելու մեկ պատճառով` քանի որ մենք այն քաղաքական թիմը չենք, որը ինտրիգների հետքերով է առաջնորդվում»:

Ի դեպ, Գալուստ Սահակյանը անհեթեթություն է համարում այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստանի երդմնակալության» արարողությունը. - «Որովհետեւ նույնը կարող է մի գյուղապետ իրենց գյուղում նույնպիսի ինչ-որ մի միջոցառում կատարի, առավել եւս` մի ժամանակ նաեւ դպրոցներում էդպես նախագահ-նախագահ էին խաղում աշակերտները, որպեսզի ծանոթանան մեր երկրի Սահմանադրությանը: Հիմա նույնը կատարվում է նաեւ Րաֆֆու մոտ, ըստ երեւույթին` կյուրացնի նաեւ մեր երկրի Սահմանադրությունը»:

Հարցին` բացառո՞ւմ է արդյոք, որ լինեն բախումներ, Հանրապետական խմբակցության ղեկավարը արձագանքեց. - «Անընդհատ մենք զերծ ենք պահում բախումներից, բախումներ չեմ կարծում կլինեն, իսկ եթե որեւէ սահմանադրական խախտում կլինեն` արդեն ոչ թե բախումները մեզ հետ կլինեն, այլ լիազորված մարմինը իր աշխատանքը կկատարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG