Մատչելիության հղումներ

logo-print

Հովհաննիսյանին չեն հրավիրել Սարգսյանի երդմնակալությանը


Armenia -- The Speaker of Armenian Parliament Hovik Abrahamian, undated.

Armenia -- The Speaker of Armenian Parliament Hovik Abrahamian, undated.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի հրավիրվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

«[Չենք հրավիրել] Որովհետեւ ինքը գտնում է, որ ինքն է ընտրվել նախագահ», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան այսօր ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունը կարող էր մեծահոգություն դրսեւորել եւ հրավիրել 37 տոկոս ձայն ստացած թեկնածուին, Աբրահամյանն արձագանքեց. - «Դե չունեցավ [այդ մեծահոգությունը] հիմա»:

Հարցին, թե ում որոշումն էր «Ժառանգության» առաջնորդին չհրավիրելը` նախագահ Սարգսյանի՞նը, թե իրե՞նը, Աբրահամյանը պատասխանեց. - «Որոշում չենք կայացրել»

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային երդմնակալության արարողության կապակցությամբ խորհրդարանի խոսնակն ասաց. - «Ես կարծում եմ, Հայաստանում մեկ նախագահ է ընտրվել: Երդմնակալությունը լինելու է մարզահամերգային համալիրում, լինելու է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ես չգիտեմ իրենք որ պետությունում են ապրում, որ պետություն են գործում: Այդ ինչ արարողություն է, ես տեղյակ չեմ: Ուղղակի լսել եմ եւ համարում եմ անտրամանաբանական քայլ… Ուրեմն, ընտրվել է Սերժ Սարգսյանը Հանրապտության նախագահ: Վեր է ընտրվել: Երկրորդ ժամկետով: Մնացած բոլոր խոսակցությունները դատարկ խոսակցություններ են»:

Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին վաղը հրավիրել է Ազատության հրապարակ` միանալու ժողովրդին, Աբրահամյանն արձագանքեց. - «Անլուրջ եմ համարում այդ հրավերքը»:

Իսկ հարցին, թե ինչ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. - «Հաշտ, համերաշխ աշխատանքի արդյունքում: Օրինակ, շատ լավ առաջարկ էր նախագահը արել Րաֆֆի Հովհաննիսյանին, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարի: Որպեսզի պարոն Հովհաննիսյանին տրվեր հնարավորություն, ինքը կարողանար իր բարեփոխումները, սահմանադրական բարեփոխումները, ինչ խնդիրներ որ տեսնում էր այսօր մեր երկրում, բոլորս միասնական ուժերով փորձեինք այդ խնդիրներին տալ լուծում»:

Ազգային ժողովն այսօր հրապարակեց ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի հանդիսավոր երդման եւ պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցող պատվիրակությունների ցանկը:

Արարողությանը ներկա կլինեն արտերկրից ժամանած հարյուրից ավելի հյուրեր:

Ցանկում միակ նախագահը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն է:

Ռուսաստանից արարողությանը կմասնակցի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Ներկա կլինին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, Վրաստանի Մշակույթի նախարարը եւ նախագահի խորհրդական Վան Բայբուրդը: Ղազախստանը կներկայացնի այդ երկրի խորհրդարանի փոխնախագահը, Թուրքմենստանը` փոխվարչապետը, Լիբանանը` պետնախարարը:

Միացյալ Նահանգները ներկայացված կլինի Հայաստանում այդ երկրի դեսպանի մակարդակով:

Ուշագրավ է, որ Ազգային ժողովը չի հրապարակում հայաստանցի հրավիրյալների ցանկը: Հայտնի է, որ արարողության կմասնակցի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայտնի չէ, սակայն, թե հրավիրվել է արդյոք նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաջին նախագահը հրավեր չի ստացել:

Հովիկ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի համառորեն կրկվող հարցին, թե ինչու չի հրավիրվել Տեր-Պետրոսյանը, ի վերջո արձագանքեց, թե ինքը տեղյակ չէ:

Առաջին նախագահը, հիշեցնենք, հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը չի ընտրվել. - «Արդյունքներն ինձ համար միանշանակ են… Հաղթել է Րաֆֆին: Ես դրանում ոչ մի կասկած չունեմ»:

Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, ուստի խորհրդարանի պատգամավորները պաշտոնապես չեն հրավիրվում, նրանք պարտավոր են մասնակցել: Ուշագրավ է, սակայն, որ ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները բոյկոտելու այդ նիստը:

Արարողությանը չի մասնակցելու նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ` ԲՀԿ-ի նախագահը մասնավոր այցով մեկնել է արտերկիր:

ԲՀԿ խմբակցության պատգամավորները, մինչդեռ, առայժմ խուսափում են հստակ պատասխաններից:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, օրինակ, ասաց. - «Վաղը կտեսնեք»: Հարցին, թե ինչից է կախված վերջնական որոշումը, Օսկանյանն արձագանքեց. - «Ոչ մի բանից»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG