Մատչելիության հղումներ

logo-print

Սեդրակյանը վստահ է, որ իրեն կձերբակալեն Հայրիկյանի մահափորձի գործով


Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյան

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյան

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը վստահ է, որ շուտով իրեն ձերբակալելու են Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով:

Որպես էպոսագետ ներկայացվող թեկնածուն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ դա արվելու է ընտրություններից հետո, քանի որ այժմ որպես նախագահի թեկնածու` ինքն անձեռնմխելի է:

«Առայժմ պետությունը ինձ որեւէ բանում չի մեղադրում, եւ խորապես վստահ եմ, որ կմեղադրի ընտրությունների ավարտից հետո: Երբ արդեն գրած կլինեն իրենց ցանկալի թվերը, գործընթացները կավարտվեն, միջազգային դիտորդները կհեռանան Հայաստանից, կներկայացնեն մեղադրանք եւ կձերբակալեն», - ասաց Սեդրակյանը:

Նա չասաց` իրեն այս գործով հարցաքննե՞լ են, թե` ոչ, եւ կոնկրետ ի՞նչն է հիմք հանդիսանում նման համոզմունք արտահայտելու համար: Վարդան Սեդրակյանը հաստատում է, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձինք` Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը իրեն ծանոթ են. մեկն իր հարեւանն է, նաեւ իր տունն է նորոգել, մյուսը տաքսի մեքենայով սպասարկել է նորոգողներին: Թեկնածուն հաստատում է , որ իրեն պատկամող «Վոլվո»-ն վաճառել է այդ վարորդին: Այսօր նա նաեւ հավելեց, որ նախընտրական շրջանում իր հարցազրույցների 5000-6000 բուկլետները որոշ գումարի դիմաց տվել է նրանց, որ բաժանեն, սակայն հետո պարզվել է, որ իրեն խաբել են, գումարը վերցրել են եւ բուկլետները չեն բաժանել: Բացառելով, որ ինքը կարող էր որեւէ կապ ունենալ Հայրիկյանի մահափորձի հետ` Սեդրակյանն ընդգծեց, որ ձերբակալվածները բավական «խոցելի» եւ «սարսափելի կառավարելի մարդիկ են». մեկը թմրամոլ է, մյուսի եղբայրը բանտում է, եւ նրանց վրա հեշտ է ազդել ու ցանկացած ցուցմունք վերցնել:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե կարծում է, նրա՞նք չեն մահափորձն իրականացնողները, նրանց վրա բարդո՞ւմ են, թե պարզապես նրանց ուղղորդո՞ւմ են իր դեմ ցուցմունք տալու, թեկնածուն պատասխանեց. - «Ես հակված եմ երկու կարծիքին էլ... կամ իրենք ընդհանրապես դա չեն արել, ուղղակի շատ խոցելի են, օգտագործում են, կամ էլ… Խաչիկի մասով չեմ կարող ասել, ընդամենը մի տարի եմ ճանաչում, բայց Սամվելին փոքր երեխա ժամանակից գիտեմ, ինքը նույնիսկ բանակ չի գնացել, երեւի զենքը հեռուստացույցով ա տեսել, ինքը շատ լավ արհեստավոր ա, բայց որ գնա մարդ սպանի… չգիտեմ: Ես երկու տարբերակն էլ հնարավոր համարում եմ»:

«Սամվելը ութերորդ դասարանը չեմ հիշում, ավարտեց, թե` ոչ: Մեկը ութի «բ» ա ավարտել, մեկը յոթի «գ»-ն: Հիմա էս մարդիկ, որ հարցաքննվում են, գոնե փաստաբան ունե՞ն, նրանց իրավունքները որեւէ մեկը կարողանո՞ւմ ա այնտեղ պաշտպանել: Նրանց ինչ ասես կգրեն, ինչի՞ պիտի չգրեն: Մեկը լավ նստած ա դեղերի վրա, որ կես ժամ ուշանա, կգրի, էն մեկին էլ էնքան կծեծեն` ինչ ասես կգրի: Իրան ըտեղ կծեծեն, ախպերն էլ ուրիշ տեղ ա նստած: Կպարզվի, կտարածվի նաեւ խոսակցություններ, ձայնագրություններ հեռախոսային եւ այլն… Ես արդեն որեւէ բանի վրա չեմ կասկածում», - հայտարարեց Սեդրակյանը:

Հարցին` եթե չեն եղել հեռախոսազրույցներ, ինչպե՞ս պետք է տարածվեն, Սեդրակյանը պատասխանեց, որ շատ չեղած բաներ են տարածվել:

«Իսկ եղե՞լ է այդպիսի բան, որ իր կինը, զոքանչը տարածում են, որ ես փող եմ տվել` գնա էս մարդուն խփի: Ես ձեզ հո՞ օդի մեջ բան չեմ ասում: Իսկ եղե՞լ ա տենց բան, որ ինքն իր կրակած փամփուշտները տա իր բարեկամին, ասի` պահի: Հետո ԿԳԲ-ից զանգում է կնոջը, ասում է գնա` մեր բարեկամի մոտից պատրոններս բեր: Պատկերացնո՞ւմ եք` որեւէ մեկը գա ձեզ ասի` «գիտես ինչ, մարդ եմ խփել, էս պատրոնները պահի, հետո, որ ինձ տանեն ԿԳԲ, կզանգեմ հետ կտաս»: Ձեր ասածից գիտեք ի՞նչ ա հետեւում` կարելի է ենթադրել մյուս բոլոր բաները եղել էր, էս մեկն էլ ես հնարեցի», - ասաց թեկնածուն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մահափորձի օրերին այդ անձանց հետ շփո՞ւմ ունեցել է, Սեդրակյանը հակադարձեց. - «Հարգելիս, իմ դիմացի հարեւանն է, Դուք Ձեր հարեւանների հետ չեք շփվո՞ւմ»:

Թեկնածուն համոզված է, որ դիտավորյալ փորձ է արվում իր անունը կապել այդ մահափորձի հետ, որովհետեւ դեռ այն պահից, երբ հայտարարել է, որ առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու, մամուլի միջոցով իրեն «չեզոքացնելու» քաղաքականություն է վարվում: Նախ սկսեցին իրեն, իր պնդմամբ, առանց հիմքերի կապել Նաիրի Հունանյանի հետ, հետո Տիգրան Նաղդալյանի սպանության հետ կապելու փորձեր եղան, հետո նրա անունը կապվեց ռուսական, ապա նաեւ իրանական հատուկ ծառայությունների հետ, հիմա էլ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործն ի հայտ եկավ:

Իր դեմ արշավի ապացույցներից մեկն էլ թեկնածուն համարում է այսօր տարածված լուրերը, թե իր կնոջ հորը Հայրիկյանի գործով ձերբակալել են, այնինչ իր կնոջ հայրը 1990 թվականից մահացած է: Վարդան Սեդրակյանը համաձայն չէ, որ ինքը այնքան բարձր վարկանիշ չունի, որ իրեն վարկաբեկելու անհրաժեշտություն առաջանար:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե` եթե նպատակը իր ընտրարշավի վրա ազդելն է, ապա ինչո՞ւ պետք է ընտրություններից հետո իրեն ձերբակալեն, երբ «թվերն արդեն գրված են լինելու», թեկնածուն հակադարձեց. - «Բա վերջը պիտի պատասխան տան մարդկանց, թե ո՞վ էր կազմակերպել: Որովհետեւ հասարակությունը այդպես էլ չի կարողանում ընկալի, որ կաֆել խփողն ու նարկոմանը գնացել, Հայրիկյան են խփել: Ինչի՞ համար: Պետք ա լինի՞ վերջը տրամաբանական բացատրություն»:
XS
SM
MD
LG