Մատչելիության հղումներ

Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արտակ եւ Արայիկ Պետրոսյանները:

Ոստիկանության տվյալներով, Արտակ Պետրոսյանը 33 տարեկան է, նրա եղբայր Արայիկը` 31 տարեկան:

«Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են: Կատարվում է նախաքննություն», - հայտնում է ոստիկանությունը:

Սպանվածի եղբորորդին` Հակոբ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ճանաչում է եղբայրներին, ասաց` չգիտի նրանք Հանրապետական կուսակցության անդամներ են, թե` ոչ, սակայն միշտ ՀՀԿ-ին են սատարել:

«Եթե իրենք են արել, ուրեմն իրենց ասել են` արել են», - հայտարարեց գյուղապետի ազգականը:

Հրաչ Մուրադյանի սպանության կապակցությամբ այսօր հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը` կատարվածը որակելով «ահաբեկչություն»:

«Բարձր մակարդակում իշխանության համար պայքարում բռնության, այդ թվում մարդասպանության գործադրումը որպես խնդիր լուծելու միջոց, բնականաբար, պիտի պրոյետվեր նաեւ ստորին օղակներում։ Դրա բարձրակետը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճիրն էր, որին հաջորդած շրջանում, ահա, արդեն որերորդ դեպքն է, երբ ահաբեկչության զոհ են դառնում պետական պաշտոնյաներ, այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ։ Անկախ այն բանից, թե փաստացի ինչ բնույթի են նման սպանությունների անմիջական դրդապատճառները, միեւնույն է՝ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, քանզի հետեւանք են ներկա կոռուպցիոն համակարգի եւ ավազակապետական համակարգի ստեղծած մթնոլորտի», - ասված է ՀԱԿ-ի հայտարարություն մեջ։
XS
SM
MD
LG