Մատչելիության հղումներ

Պռոշյան գյուղի դաշնակցական գյուղապետի սպանության մեջ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) քաղաքական ենթատեքստ է տեսնում:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող գյուղապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս:

50-ամյա դաշնակցական Հրաչ Մուրադյանը սպանվել էր երեքշաբթի առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից: Ոստիկանության փոխանցմամբ` Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կասկածյալներ եւ ձերբակալվածներ չկան:

«Միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի, եւ բնականաբար, իշխանություններն ամեն ինչ անում են, որ այդ ենթատեքստը չերեւա, որովհետեւ մենք վաղուց ենք նույն իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հրաչի շուրջ անընդհատ լարվածություն կար` շատ պարզ պատճառով, ոմանց ձեռք չէր տալիս այն լայն ժողովրդականությունը, որ ուներ Հրաչը: Բնականաբար, այդ համայնքը բավականին մեծ է, եւ Երեւանին այդքան մոտիկ համայնքում ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող ոչ իրենց կուսակցությանը պատկանող համայնքապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս», - հայտարարեց Ռուստամյանը:

Հարցին, թե շատերին ասելով կոնկրետ ո՞ւմ նկատի ունի, ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. - «Հիմնականում պայքար միշտ եղել է այդ դաշտում, ոչ միայն հանրապետականների հետ: Գլխավոր խնդիրն այն է եղել, որ փոխեն Հրաչին, եւ այդ լարվածությունը անընդհատ նկատվում էր նրա շուրջ: Անգամ եղել են դեպքեր, որ փորձել են ահաբեկչության կոնկրետ քայլեր կատարել նրա նկատմամբ: Չկարողացան բացահայտել, թե` ով: Բացի դրանից անընդհատ ստուգումներ. ինչպես միշտ պատահում է, եթե թեկնածուն կամ համայնքապետը մեծամասնությունից չէ, իշխանության ներկայացուցիչ չէ, ստուգումներ անպակաս են: Այսինքն հանգիստ կյանքով չի ապրել Հրաչը, եւ դա կտրել այդ ենթատեքստից ու փորձել ինչ-որ կենցաղային դաշտ տեղափոխել, նշանակում է շեղել քննությունը»:

«Գյուղապետը նոր էր ընտրվել, դեռ երկար ժամանակ ուներ պաշտոնավարելու, տեսան, որ չեն կարողանում ընտրությունների միջոցով դա կատարել, անցան հայտնի մեթոդների», - ենթադրում է Ռուստամյանը:

Սպանված Հրաչ Մուրադյանը, ով գյուղապետի պաշտոնում վերընտրվել էր անցած աշնանը, համայնքը ղեկավարում էր ավելի քան 8 տարի: Ռուստամյանի փոխանցմամբ` շարունակվող ճնշումներին եւ ահաբեկումներին երեւի թե միայն Մուրադյանի նման մարդը կարող էր դիմանալ, նրան օգնում էր նաեւ իր անցած ճանապարհը, լինելով ազատամարտիկ` նա նահանջող չէր:

Անդրադառնալով փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրություններին` Ռուստամյանը ասաց, թե Մուրադյանն ամեն ինչ արել էր, որ մարդիկ ազատ ընտրություն կատարել, քանի որ իր պատվից ցածր էր համարում գյուղացիներին ինչ-որ բան պարտադրելը, նա հրահանգներ չէր կատարում եւ դա շատերին դուր չէր գալիս:

«Վերարտադրման համակարգի հիմնական դետալներից մեկն էլ այն է, որ վերեւից ներքեւ պետության ողջ ռեսուրսը պետք է աշխատի իշխող քաղաքական ուժի ուղղությամբ: Եվ եթե որեւէ մի տեղ բացառություն կա, այդ բացառությունը իրենց հանգիստ տալ չի կարող», - ասաց նա:

Ռուստամյանը մտահոգիչ է համարում, որ մարդու այս տեսակը Հայաստանում նման վախճան է ունենում - «Սա ցույց է տալիս, որ երկիրը լուրջ խնդիր ունի եւ սխալ ուղղությամբ է ընթանում»:

Ինչ վերաբերում է իշխանությունների եւ հատկապես վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսին` «Դեպի ապահով Հայաստան», ապա ըստ Ռուստամյանի, այժմ դրա «առաջին պտուղներն» ենք տեսնում:

«Առաջին պտուղը տեսանք ապահով Հայաստանի: Եթե համայնքապետը փաստորեն ապահովված չէ, հասարակ քաղաքացին ի՞նչ ապահովության մասին կարող է խոսել», - ասաց Ռուստամյանը` շարունակելով. - «Այս բոլոր խոսակցությունները շատ արագ կարող են իրենց բնույթը փոխել, եւ մենք ինքներս էլ ողջունենք, եթե լիարժեք բացահայտում տեղի ունենա: Բայց շատ քիչ է իմ հավատը. եթե կենցաղային սպանություն լինի, ինչպես իրենք են ասում, շատ արագ կբացահայտեն: Քաղաքական ենթատեքստ ունեցող սպանություններն են, որ մնում են չբացահայտված»:

Հարցին, թե արդյոք իշխանություններին ձեռնտո՞ւ էր նման աղմկահարույց սպանություն կազմակերպելը, Ռուստամյանը պատասխանեց. - «Իշխանությունները ամեն ինչ չէ, որ կարողանում են վերահսկել: Երբ անպատժելիության, անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծվում, դա արդեն բավարար է, որ ամեն մեկն իրեն փորձի սանձարձակ, լկտի պահել: Հիմա մենք շատ պաշտոնյաների կողմից էլ ենք հայտարարություններ լսում, որ բացարձակապես չի տեղավորվում պաշտոնյայի կարգավիճակի, հայ մարդու եւ էթիկայի տարրական նորմերի մեջ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG