Մատչելիության հղումներ

Գյումրիում նշվեց Խոսքի ազատության օրը


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան

Գյումրիում 5-րդ անգամ նշվեց Խոսքի ազատության օրը:

5 տարի առաջ մարտի 25-ին` 7-օրյա հեռուստամարաթոնի ավարտին հանգանակված շուրջ 26 միլիոն դրամը վճարվեց որպես հարկային տույժ, որպեսզի չեթերազրկվի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, եւ Գյուրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ որոշվեց այդ օրը քաղաքում նշել որպես Խոսքի ազատության օր:

«Եկեք այսպես պայմանավորվենք. Գյումրու ցանկացած լրատվամիջոցի, երբ անօրինական ճնշումների են ենթարկում, մենք միասին ոտքի ենք կանգնելու», - այսօր ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ավանդաբար այս օրը պարգեւատրվում են լրագրողներ, հրապարակախոսներ, իրավապաշտպաններ:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ հատուկ հանձնախումբն ընտրություն է կատարում եղած առաջարկություններից. - «Հայտարարություն ենք տալիս, թե ո՞ւմ կառաջարկեք խրախուսել խոսքի ազատության լավագույն օգտագործման, խոսքի ազատության պաշտպանության համար: Այս անգամ մենք ստացել ենք 40-ից ավելի առաջարկություն, քննարկել ենք դրանք ամենայն մանրամասնությամբ ու եզրակացության ենք եկել հատկանշել այն մարդկանց եւ կազմակերպություններին, որոնք անցած մեկ տարում առնվազն լումա են ներդրել ե’ւ խոսքի ազատության կիրառման լավագույն ստանդարտներ սահմանելու մեջ, ե’ւ պաշտպանության գործում, ե’ւ կիրարկման մեջ, ե’ւ, իհարկե, լրագրողական աշխատանքում»:

Պարգեւներ հանձնվեցին 7 լրագրողների, հասարակական գործիչների եւ իրավապաշտպանների:

«Խոսքի ազատությունը շատ մարդիկ, անգամ պաշտոնյաներ շփոթում են խոսելու ազատության հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեւոն Բարսեղյանը: - «Խոսելու ազատությունը ինչ կա մարդկային խոսքը, այդ ժամանակվանից էլ եղել է: Ես այլ կերպ եմ հասկանում. եթե հասարակության մեջ ծնվող բոլոր գաղափարները ազատորեն հնարարություն ունեն հասնել բոլորին, խոսքի ազատությունը տեղի ունի: Մերի դեպքում այդպես չէ»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «այլեւս կա հնարավորություն արտահատվելու եւ խոսքի ազատությունից օգտվելու համար». - «Մնում է, որպեսզի հասարակությունն էլ դրա համար պատրաստված լինի, կաշկանդված չլինի, կոմպլեքսներ չունենա, վախեր չունենա: Որովհետեւ եթե ամբողջ հասարակությունն է սկսում օգտվել այն հնարավորություններից, որ այսօր կան, դրա դեմն առնել այլեւս հնարավոր չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG